Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Մորնինգսթարի նշանակմանը


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հավանություն է տվել Ռիչարդ Մորնինգսթարի նշանակմանը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` մինչ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը հայամետ սենատորներ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր են ուղղել դիվանագետին` կապված «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիեւի ռեժիմի շարունակվող հարձակումների եւ Հին Ջուղայում հայկական գերեզմանատան ոչնչացման հետ»։

Մասնավորապես, երբ Բոքսերը հիշեցրել է ադրբեջանական պետության ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի գլխավոր թշնամիները աշխարհի հայերն են», Մորնինգսթարը ընդգծել է անպատասխանատու հռետորաբանության անթույլատրելիությունը, քանի որ այն վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ «Ես կհորդորեմ Ադրբեջանի կառավարությանը զսպվածություն ցուցաբերել իր հռետորաբանության մեջ եւ իր ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Մորնինգսթարը կրկին խոստացել է այցելել Հին Ջուղայի հայկական գերեզմանատուն, ջանքեր գործադրել Ադրբեջանում հայկական կրոնական եւ մշակութային վայրերի պահպանության համար։

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի հաստատման հարցով լսումները Սենատի հանձնաժողովում մեկնարկել էին մեկ շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG