Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Վերջապես հայտնի է կառավարության կազմը, որին այդքան սպասում էր հանրությունը։ Թեեւ պարզվեց` սպասելու բան առանձնապես չկար։ Հին-նոր այս կազմով հնարավոր չի լինելու որեւէ բան փոխել։ Այս կազմից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը փոխելու ցանկություն ու մտադրություն էլ չունի։ Գոնե առայժմ։ Ընդհանրապես նրա գործողություններում ամենից շատ դրսեւորվող ուղենիշը ստատուս-քվոյի պահպանումն է։ Նա «դանդաղ ու հեռուն» գնացողների թվին է պատկանում, որոնք վախենում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում, քանի որ ամեն փոփոխության մեջ վտանգ են տեսնում։ Եվ այսպես` կառավարության կազմը հնարավորինս պահպանվեց։ Անգամ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որի պաշտոնանկության մասին տարիներ շարունակ խոսվում է, մնաց»։

Կառավարության ծրագրի մասին «Երկիր»-ը գրում է. - «Մոտ օրերս կառավարությունն իր ծրագիրն է ներկայացնելու ԱԺ-ին։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի` ՀԱԿ-ի հետ այն նույնիսկ չի քննարկվել, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցությունը` ՀՅԴ-ն, ընդհանրապես հայտարարել է, որ դա ոչ թե ծրագիր է, այլ դատարկություն։ «Ժառանգությունը», որքանով հայտնի է, նույնպես խանդավառված չէ այդ ծրագրով։ Սերժ Սարգսյանը, համաձայն լրատվամիջոցների, վարչապետի թեկնածության հարցը նույնիսկ կոալիցիոն գործընկերոջ հետ չի քննարկել, էլ չենք ասում ԲՀԿ-ի` որպես ԱԺ-ում իր թվակազմով երկրորդ կուսակցության։ Եվ ահա, այս իրավիճակում ուզում են կառավարության ծրագիրը, Տիգրան Սարգսյանով հանդերձ, բերել խորհրդարան, որ հաստատվի։ Իմաստը ո՞րն է, եթե կարելի է դա անել ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կամ խորհրդում։ Հավանաբար մտածում են` կարող է պատահի` ընդդիմությունը շահեկան առաջարկներ ունենա։ Ընդդիմության շահեկան առաջարկը կառավարությանը հետեւյալն է` վերցրեք այդ ծրագիրն ու մտցրեք ձեր մինիստրների դարակները, որոնցում իրենց դանդաղ մահն են գտնում նախորդ բոլոր ծրագրերը։ Ուրեմն էլ ի՞նչ թատրոն եք սարքել` գնալ ԱԺ, օրենքով սահմանված կարգով հաստատել ծրագիրն ու գործի անցնել»։

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին հարցնում է. - «Ասում եք, որ խնդիր չեք ունենա ԱԺ-ում օրենքներ եւ որոշումներ անցկացնելու հետ կապված, բայց, նկատի ունենալով, որ պատգամավորները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով շատ հաճախ բացակայում են նիստերից, հնարավո՞ր է, որ առանց «արտաքին» աջակցության գործը, այնուամենայնիվ, գլուխ չգա»։ Պատասխան. - «Չեմ կարծում, թե մյուս խմբակցությունները՝ նույն ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», Դաշնակցությունը, մշտապես դեմ են քվեարկելու բոլոր այն օրենքներին, որ կներկայացվեն խորհրդարան։ Այդպիսի բան չի կարող լինել։ Ի վերջո, կա առողջ բանականություն, առողջ, կառուցողական քննարկումների դաշտ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ եթե առանձին օրենքների շուրջ կլինեն հակադիր կարծիքներ, կփորձենք մեր բոլոր պատգամավորներին ավելի պատրաստակամ, ավելի հավաք եւ ավելի արդյունավետ աշխատանքի կոչել»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Վարդան Օսկանյանի հանդեպ իշխանությունների գործողություններն ունեն երկու հարթություն` իրավական եւ քաղաքական։ [Քաղաքականը] զարգացող գործընթաց է եւ ընթանում է իրավականից անկախ, եւ այսպես, թե այնպես, ինչ զարգացում էլ լինի իրավական ուղղությամբ` քաղաքականությունը պահելու է իր, այսպես ասած, դիրքն ու ընթացքը եւ թերեւս առավել գերակա է լինելու, քան իրավական հանգուցալուծումները։ Այս տեսանկյունից հիմնական առանցքներից մեկն այն է, որ Վարդան Օսկանյանին պատժում են ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելն արգելելու համար։ Սա, մեղմ ասած, միամիտ պնդում է։ Վարդան Օսկանյանը որեւէ կերպ չէր կարող Գագիկ Ծառուկյանին արգելել մտնել կոալիցիա։ Այլ է, եթե Վարդան Օսկանյան ասելով նկատի ունենանք Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում` իսկ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ էր դա անել, այսինքն` արգելել կամ համոզել Գագիկ Ծառուկյանին չմտնել կոալիցիա։ Այն, որ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի մոտ շատ մեծ հեղինակություն ունի, անկասկած է։ Կասկած չկա նաեւ, որ Ծառուկյանը Քոչարյանի համար պատրաստ է ամեն ինչի։ Բայց այստեղ, իհարկե, մի պարզ հարց է ծագում. իսկ արդյոք իսկապե՞ս այդքան լրջորեն եւ սկզբունքորեն դրված է եղել կոալիցիայի հարցը։ [...] Եթե նախագահական ընտրությունները լինելու են մոտ մեկ տարի անց, ի՞նչ իմաստ ունի դրանց շուրջ ինչ-որ համաձայնություն կորզել այդքան վաղ»։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Բախումները հայ - ադրբեջանական սահմանին պատերազմի հնարավոր լինելու հետ ոչ մի կապ չունեն։ Դիվերսիոն հարձակումները քաղաքական շանտաժի մի ձեւ է, միջոց` արտաքին ուժերի վրա ազդելու համար։ Ադրբեջանական հռետորաբանությունը գնալով թեժանում էր, եւ ինչ-որ մի պահ այն դադարեց աշխատել, եւ դիվերսիոն հարձակումները դարձան այս հռետորաբանության հաջորդ փուլը։ [...] Իսկ ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր այսպիսի գործողություններ իրականացնելու համար` 10 կամ 20 զինվոր, զենք, նռնակ, եւ վե՛րջ։ Այսքանը»։

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG