Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն համոզված է` 2013-ի ընտրություններից հետո «մնալու է հիմնական դերակատարը»


Հանրապետականը համագումար է անցկացնում, 10 մարտի, 2012 թվական
Հանրապետականը համագումար է անցկացնում, 10 մարտի, 2012 թվական
Հանրապետական կուսակցությունը ուրբաթ երեկոյան հրավիրած գործադիր մարմնի, ապա նաեւ խորհրդի նիստերում կորոշի կառավարությունում իր ապագա նախարարների թեկնածուներին:

Հայաստանի կառավարությունը բաղկացած է 18 նախարարություններից: Հանրապետականը կտնօրինի 15 նախարարություն, նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը»` երեքը:

«Օրինաց երկիրը» կշարունակի ղեկավարել գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների ոլորտները: Թե էլ որ նախարարությունները կտրվի ՕԵԿ-ին, դեռ քննարկվում է: Տրանսպորտի նախարարի պաշտոնը, որը նախկին կոալիցիոն կառավարությունում ՕԵԿ-ի ներկայացուցիչն էր զբաղեցնում, այս անգամ կարող են ՀՀԿ-ականները տնօրինել:

Կառավարության ամբողջական կազմը դեռ հայտնի չէ, բայց կառավարության ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է: Կառավարությունը հնգամյա գործունեության ծրագիր է ներկայացրել, թեեւ յոթ ամսից` նախագահական ընտրություններից հետո օրենքի պահանջով նոր կառավարություն պետք է ձեւավորվի: ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` դա պայմանավորված է ՀՀԿ-ի այն համոզմամբ, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո էլ քաղաքական դաշտի հիմնական դերակատարը ՀՀԿ-ն է մնալու:

«Ես համոզված եմ, որ յոթ ամիս հետո եւս կառավարության հիմնական, ամբողջական պատասխանատուն շարունակելու է լինել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որովհետեւ նախագահական քարոզարշավի հիմնական եւ միակ ֆավորիտը գործող նախագահն եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանն է», - հայտարարեց Շարմազանովը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը անդրադառնալով կառավարության մշակած հնգամյա ծրագրին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե կուզեր, որ պատասխանատվություն վերցրած ուժերը լավ ծրագիր ներկայացնեին խորհրդարան: Նրա խոսքով` դրանից նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո նշանակված կառավարությունն էլ կարող էր օգտվել, բայց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մշակած ծրագիրը, ըստ Մարգարյանի, դեկլարատիվ բնույթ ունի, քանի որ ծրագրերի իրագործման մեխանիզմներն են բացակայում: ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց` ապագա կառավարությունը, որը գրեթե նույն դերակատարներով շարունակելու է աշխատել, անցած տարիներին չի կարողացել կատարել իր առաջ դրված խնդիրը, նրանց օրոք երկիրը բավականաչափ չի զարգացել: «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն եւս անդամներ ուներ նախորդ կառավարությունում, արդյո՞ք ԲՀԿ-ն էլ իր մեղքի բաժինը չունի, Մարգարյանը պատասխանեց. - «Խոսքը ընդամենը չորս նախարարի մասին է, որոնք էական ազդեցություն կարող էին ունենալ ամեն մեկը իր բնագավառում, բայց կառավարության ընդհանուր ծրագրի ընդունման կամ իրականացման գործում, բնականաբար, շատ մեծ բան չէին կարող անել»:

Հնարավոր է, որ կոալիցիոն կառավարության ծրագրին խորհրդարանում կողմ քվեարկեն միայն ՀՀԿ-ականներն ու ՕԵԿ-ականները: Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն արդեն հայտարարել են, որ չեն վստահում ապագա կառավարությանը: ԲՀԿ-ն դեռ չի հստակեցրել, թե ինչպես է քվեարկելու, իսկ ՀԱԿ-ի դեպքում հստակ է` քաղաքական դաշինքը դեմ է լինելու ծրագրին:

Նկատենք, որ կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ձայները բավարար կլինեն Ազգային ժողովում այդ ծրագիրը հաստատելու համար: Հարցին, թե ՀՀԿ-ականներին խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի` կառավարության նկատմամբ եղած անվստահությունը չի մտահոգո՞ւմ, Շարմազանովը պատասխանեց. - «Նախ մտահոգությունը քաղաքական կատեգորիա չէ, երկրորդը` ՀՀԿ-ի համար ամենակարեւոր գնահատականը հասարակության գնահատականն է, իսկ հասարակությունը իր քվեարկությամբ մայիսի 6-ին ցույց է տվել, որ պաշտպանում է Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական կուրսը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG