Մատչելիության հղումներ

Արվեստագետներին մտահոգում է «Սասունցի Դավիթ» արձանի վիճակը


Երեւանի խորհրդանիշներից մեկի` Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի վիճակը հարուցել է մի խումբ արվեստագետների անհանգստությունը:

«Այդ գործը` Սասունցի Դավթի արձանը, երկար կյանք չի ունենա, եթե մնա այս վիճակում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը` պարզաբանելով, որ արձանի պղնձե դետալները գամերով են միակցված իրար, եւ մի փոքր անցքն անգամ բավական է, որ տարիների ընթացքում ջուր լցվի արձանի մեջ, ինչի հետեւանքով կարող է փտել ներքին կոնստրուկցիան եւ արձանը կարող է պարզապես փլուզվել:

Ֆլորենցիայում բնակվող եւ Իտալիայում հեղինակություն վայելող քանդակագործ Վիգեն Ավետիսը կիսում է իր արվեստակից ընկերոջ մտահոգությունը: «Սասունցի Դավիթը շատ հնարավոր է կարճ ժամանակում ընկնի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, մինչդեռ, համամիտ չէ այս գնահատականներին: Նա վստահեցնում է, որ Երվանդ Քոչարի ստեղծագործությունը միշտ եղել է ուշադրության կենտրոնում, լրջագույն աշխատանքներ են տարվում 2000 թվականից ի վեր, վերականգնվել են հափշտակված տարրերը:

Այվազյանի խոսքով, երկու տարի առաջ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ միջոցներով կատարվել է «արձանի ներքին կոնստրուկցիայի փոփոխում», այսինքն` արձանը բացել ու ուսումնասիրել են: Նրա վստահեցմամբ` արձանն այժմ բարվոք վիճակում է. - «Արձանի կոնստրուկցիայի փոփոխումը, վերականգնումը կայունության խնդիրը լուծեց: Բացի դրանից, լուծվեց այդ արձանի ջրահեռացման խնդիրը: Իսկ անցյալ տարի կոնստրուկցիաները նորից ներկվեցին, որոշ մասերը վերանորոգվեցին»:

Գետիկ Բաղդասարյանը, ով ներկա է եղել արձանի բացման այդ գործընթացին, ասաց. - «Այդ մասնագետը` Ներսիկը, մտել է… տեղեր կա, որ հնարավոր չէ… առջեւի ոտքերի մեջ հնարավոր չէ, որ մարդ մտնի եւ ինչ-որ գործ անի: Բայց այնտեղ էլ կոնստրուկցիա կա»:

«Կան կարեւոր գործեր, որ պետք է անպայման փրկել», - շարունակեց քանդակագործը. - «Էլ Քոչար չկա, որ երկրորդը անի»:

Գետիկ Բաղդասարյանն ու Վիգեն Ավետիսը, մի խումբ այլ քանդակագործներ առաջարկում են ստեղծել արձանի բրոնզե տարբերակը: Վիգեն Ավետիսը պատմեց, որ կար այսպիսի գաղափար` իտալացի մասնագետների հետ գալ Երեւան, կաղապարներ հանել եւ արձանը ձուլել Իտալիայում. - «Ես առաջարկեցի բրոնզից ձուլել: Իսկ բնօրինակը կդրվեր թանգարանում»:

Նրա խոսքով, սակայն, բրոնզաձույլ արձանի համար պարզապես ֆինանսավորում չի գտնվել:

Կարո Այվազյանը սկզբունքորեն դեմ չէ այդ առաջարկին, բայց կարծում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ժամանակ առ ժամանակ աշխատանքներ տարվում են արձանի վերականգնման ուղղությամբ. - «Գտնում եմ, որ մոտակա 10 տարում կանգուն կմնա»:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG