Մատչելիության հղումներ

«Սիվիլիթաս»-ի տնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ


«Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երեւան, 15-ը հունիսի, 2012թ.
«Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը զրուցում է «Ազատություն» ռադիոկայանի հետ, Երեւան, 15-ը հունիսի, 2012թ.

«Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է եւ որեւէ մեկին պատիվ չի բերում», - ասում է Սալբի Ղազարյանը։

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ուրբաթ առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ):

Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` «Սիվիլիթաս»-ի տնօրենն ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի փաստաբան Արթուր Գրիգորյանի, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` եթե անձը գտնվում է փաստացի կասկածյալի կարգավիճակում, ապա նա կարող է օգտվել լռություն պահպանելու իր իրավունքից եւ ցուցմունք չտալ, ինչը եւ տեղի է ունեցել:

«Ընդհանրապես հրաժարվեցինք, ասացինք` ցուցմունք չեն տալու, որովհետեւ այդ հայտարարությունը ասում է, որ մենք խախտումներ կատարել ենք, չի ասում` թերեւս, ասում է` կատարել ենք, իսկ եթե կատարել ենք, ուրեմն` կասկածյալ ենք, վկա չենք», - ընդգծեց Սալբի Ղազարյանը:

Հինգշաբթի օրը Սալբի Ղազարյանը «Սիվիլիթաս»-ի հետ կապված այս քրեական գործի մանրամասները ներկայացրել է Եվրամիության երկրների, նաեւ` Միացյալ Նահանգների դեսպաններին: Ղազարյանը հույս ունի, որ այդ հանդիպումը իր ազդեցություն կունենա գործի վրա:

«Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է, անհեթեթ է, անտրամաբանական է եւ որեւէ մեկին պատիվ չի բերում», - ասաց Սալբի Ղազարյանը:

«Ես շատ շնորհակալ էի, որ դեսպանները եկել էին` բազմազբաղ մարդիկ էին, եկան, շատ հետաքրքրությամբ լսեցին եւ ասացին, որ ուշիուշով հետեւելու են եւ ինչ որ կարող են` կանեն», - նշեց «Սիվիլիթաս»-ի տնօրենը` շարունակելով. - «Բոլորս պետք է հասկանանք` մեր իշխանությունները, մեր դատական համակարգը, որ այսպիսի մոտեցում` այսպիսի անկապ հարցի, ոչ մի պատիվ չի բերի ոչ միայն պետությանը, այլ նաեւ մեր դատական համակարգին: Մեր նման թափանցիկ կազմակերպություն չի եղել, «Սիվիլիթաս»-ը խախտումներ չի գործել, եթե հարց կար` հարցի պատասխանը ստանալու տարբեր ձեւեր կային, քրեական գործը այդ ձեւը չէ»:

Ե՛վ Ղազարյանը, ե՛ւ «Սիվիլիթաս»-ի հիմնադիր, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում են, որ այս գործի ետեւում հստակ պատվեր կա։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞վ է պատվեր տվողը, «Սիվիլիթաս»-ի տնօրենը արձագանքեց. - «Չգիտեմ` ով է պատվեր տվողը։ Մենք «Սիվիլիթաս»-ում անում ենք գործունեություն, որը մի քիչ ոչ տրադիցիոն, չափազանց թափանցիկ է եւ մի փոքր անկառավարելի է: Մենք ունենք Civilnet, որը ղեկավարում են երիտասարդներ եւ շատ կրեատիվ ձեւով փորձում են անդրադառնալ բոլոր այն հարցերին` սոցիալական, քաղաքական, տնտեսական, որոնց մասին ընդհանրապես երիտասարդությունը միայն օձիքն է թոթվում, ասում է` ինձ պետք չէ. Բայց մենք ասում ենք` մեզ պետք է եւ պետք է մասնակցենք: Ես չեմ զարմանա, եթե դա որոշ մարդկանց դուրը չգա : Եթե սա ձեւ է մեզ մեր գործից շեղելու` դա չի հաջողվելու»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ հայտարարությամբ հանդես գա ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջոն Հանթսմանը, ում տրամադրած գումարների մասին է խոսքը քրեական գործում, «Սիվիլիթաս»-ի տնօրենը հայտարարեց. - «Ես վստահ եմ` այդ կարելիությունը կա: Ես սրտանց հույսով եմ, որ այդ օրը չի գա` ոչ որովհետեւ պարոն Հանթսմանը չի ուզենա, կամ սխալ բան պետք է ասի, բայց դա կնշանակի, որ մենք մեր բոլոր դոնորներին հիմնովին ասում ենք, որ «ժողովուրդ, դուք այսօր մեզ փող եք տալիս, մենք շնորհակալ ենք, բայց 10 տարի, 20 տարի հետո մենք կարող ենք դառնալ եւ ասել` գիտեք, մենք հիմա ձեզ ենք կասկածում ապօրինի գործունեության համար»: Եթե մենք ուզում ենք այսպիսի մարդուն այսպիսի մեսիջ տալ` ես այլեւս չգիտեմ ինչ ասել»:

Նշենք, որ ամերիկացի բարերար, մեծահարուստ Ջոն Հանթսմանը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում, մասնավորապես, 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա զգալի օգնություն է տրամադրել Հայաստանին: Նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, 1993-94 թվականների ձմռան ամիսներին Հայաստանում պարեն եւ վառելիք է հասցվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հանթսմանների ընտանիքը 18 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժածներին:

Այսօր, ի դեպ, «Սիվիլիթաս»-ը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհակալություն է հայտնում այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցույց տալիս հիմնադրամին: «Սիվիլիթաս»-ը հրապարակել է նաեւ ստացված գումարների չափը` այդ կերպ, ըստ էության, ցույց տալով, որ թափանցիկ է աշխատում:

Այսպիսով, առայսօր «Սիվիլիթաս»-ին վերագրվող փողերի լվացման գործով որպես վկաներ ԱԱԾ հրավիրված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը հրաժարվում են ցուցմունքներ տալ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ԱԱԾ-ի քննչական մարմինը:

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG