Մատչելիության հղումներ

Այսօր հաքերային հարձակման են ենթարկվել երեք հայկական կայքեր


Այսօր առավոտյան հարձակման են ենթարկվել երեք հայկական կայքեր՝ blognews.am-ը, beeline.am-ը եւ armenpress.am-ը:

Կայքերից երկուսը՝ blognews.am-ը եւ armenpress.am-ը, այս պահին արդեն գործում են, beeline.am-ը՝ դեռ ոչ:

Beeline ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կայքի բազաները չեն տուժել եւ տվյալների արտահոսք կայքից չի եղել:

«Բաժանորդների տվյալների բազաները կայքից տարանջատված են», - վստահեցրեց Անուշ Բեղլոյանը: - «Կատարվում է հետաքննություն, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Հետաքննության ավարտից հետո պատրաստ կլինենք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Դեռ չենք կարող ասել, թե որ երկրից է եղել հարձասկումը», - հավելեց նա։

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նույնպես վստահեցրեց, որ հարձակումը լուրջ վնաս իրենց կայքին չի հասցրել: Նա նաեւ հայտնեց, որ իրենք հարձակման մասին հայտնել են Ոստիկանությանը:

Կարելի է ենթադրել, որ «Բիլայն»ընկերության կայքի վրա կատարված հարձակումը Թուրքիայից է եղել, քանի որ կայքի հիմանական էջին տեղադրվել է թուրքական դրոշը, իսկ մյուս երկու հարձակումները կատարվել են ադրբեջանցիների կողմից. լրատվական երկու կայքերի վրա տեղադրվել է ադրբեջանցի զինվորների լուսանկարներ:

«Շփման գծում տեղի ունեցած ընդհարումներից հետո հաքերները, գոնե ինչ-որ ձեւով պատասխանելու համար, հայկական կայքերը կոտրել են՝ տեղադրելով շփման գծում զոհված Ադրբեջանցի զինվորների լուսանկարները», - մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ հայկական կայքերը հաճախ են հարձակման ենթարկվում թուրք ու ադրբեջանցի հաքերների կողմից: Թուրքիայից հարձակումները սովորաբար լինում են ապրիլի 24-ին կամ մոտ օրերին, իսկ ադրբեջանական հարձակումները ավելի հաճախ են:

«Ավելի հեշտ է լինում խնդիրը լուծել, երբ հաքերները թուլությունը գտնում են կայքերի վրա ու մի քանի կայք են կոտրում, ինչպես այս դեպքում: Ավելի բարդ խնդիրներ են առաջանում, երբ հարձակման է ենթարկվում սերվեր, որի վրա տեղադրված են տասնյակ կայքեր, ինչպես այս տարի հունվարին, երբ միանգամից կոտրվեց 300-ից ավելի կայք», - հայտնեց Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ Հայաստանում այսօր քիչ թե շատ պաշտպանված են միայն պետական եւ բանկային համակարգի կայքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG