Մատչելիության հղումներ

Քաղաքացիական պատերազմ Սիրիայում


Սիրիա - Նախագահ Բաշար ալ-Ասադի մեծադիր լուսանկարը Հոմս քաղաքի մատույցներում, հունիս, 2012թ.
Սիրիա - Նախագահ Բաշար ալ-Ասադի մեծադիր լուսանկարը Հոմս քաղաքի մատույցներում, հունիս, 2012թ.

ՄԱԿ-ի պաշտոնյանի խոսքերով, Սիրիայի իշխանությունն այլեւս չի հսկում երկրի տարածքի մեծ հատվածներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խաղաղապահ առաքելությունների գծով տեղակալ Էրվե Լադսուն Սիրիայում տեղի ունեցող բախումները որակել է որպես «քաղաքացիական պատերազմ»։

«Ակնհայտ է, որ Սիրիայի հակամարտության բնույթն արդեն փոխվել է։ Բռնությունների ծավալն ընդարձակվել եւ աճել է այն աստիճանի, որ պետությունն այլեւս չի հսկում իր տարածքի մեծ հատվածներ, այդ թվում` մի քանի քաղաք, դրանք զիջելով ընդդիմության ուժերին», - ասել է Լադսուն։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Էրվե Լադսուն ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն է, ով քաղաքացիական պատերազմ է անվանել Սիրիայի կացությունը։

Սիրիայի արտգործնախարարությունն արձագանքել է, հայտարարելով, թե քաղաքացիական պատերազմ երկրում չկա, իսկ այն, ինչ տեղի է ունենում, «զինված պայքար է, որի նպատակն է արմատախիլ անել ահաբեկչությունը»։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դատապարտել է պաշտոնական Մոսկվային` Սիրիա մարտական օդանավեր ուղարկելու համար։

«Մենք պահանջել ենք ռուսներից դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիային։ Նրանք ժամանակ առ ժամանակ հավատացնում են, թե անհանգստանալու կարիք չկա, թե իբր նրանց ուղարկածը կապ չունի ներքին իրավիճակի հետ։ Դա բացարձակապես ճիշտ չէ», - ասել է Քլինթոնը։

Երկու շաբաթ առաջ այցելելով Բեռլին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը սիրիացիներին չի փոխանցում այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական բախումներում։

Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության խոսնակ Սաուսան Ղոշեհի փոխանցմամբ, դիտորդները ալ-Հաֆֆա ավան մեկնելու ճանապարհին գրոհի են ենթարկվել։

«ՄԱԿ-ի դիտորդները փորձել են հասնել ալ-Հաֆֆա, սակայն այնտեղ նրանց վրա կատաղած ամբոխ է հարձակվել, ինչ-որ մարդիկ շրջապատել են մեր մեքենաները եւ չեն թողել առաջ շարժվել, հետո սկսել են քարեր եւ մետաղյա ձողեր նետել մեքենաների վրա։ Դիտորդները ստիպված վերադարձել են», - ասել է Ղոշեհը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հակամարտության գոտիներում երեխաների ճակատագրի հարցով հատուկ բանագնաց Ռադհիկա Կումարասվամին ասել է, որ Սիրիայում սպանվում, ազատազրկվում, կտտանքների են ենթարկվում եւ բանակի կողմից որպես կենդանի վահան են օգտագործվում նույնիսկ 9-ամյա երեխաները։

Բացի այդ, պետական ուժերը դպրոցները դարձնում են ռազմական հենակետեր եւ ազատազրկման կենտրոններ։

Կումարասվամիի խոսքերով, նույն հանցավոր գործելակերպն են կիրառում նաեւ ընդդիմադիր զինյալ միավորումները։

«ՄԱԿ-ն ունի հավաստի տեղեկություններ այն մասին, որ ընդդիմությունը, այդ թվում` Ազատ Սիրիայի բանակը, երեխաների է ներքաշում բախումների մեջ», - ասել է գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը։

Լոնդոնում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդների կենտրոնը հաղորդել է, որ երեկ Սիրիայում առնվազն սպանվել է 72 մարդ` հիմնականում խաղաղ բնակիչներ։

ՄԱԿ-ի տվյալներով` 15 ամիս տեւող բախումների ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 14 համար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG