Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը լսելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի հարցը


Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.
Ադրբեջան - Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ, 2-ը հունիսի, 2012թ.
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսելու է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան հաստատելու հարցը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկին դեսպան Մեթյու Բրայզայից հետո առաջադրել է Եվրասիական տարածաշրջանում նավթային հարցերով բանագնաց Մորնինգսթարի թեկնածությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Ամենակարեւորը` որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լավ քննարկի իր թեկնածությունը, որովհետեւ տեսնում ենք` հետեւանքները ինչ են լինում, երբ այդ պետք եղած հետազոտությունը տեղի չի ունենում։ Տեսնում ենք` թեկնածուները, ինչպես` Մեթ Բրայզան, որ ի վերջո Սենատի հավանությունը չստացավ եւ երբ նշանակվեց նախագահ Օբամայի կողմից` շրջանցելով Սենատը, տեսանք, որ մեկ տարի եւս կորցրեցինք Ամերիկայի կողմից ուժեղ եւ արդար տեսակետ ունենալու հանդեպ Կովկասյան շրջանում»։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Սենատի կողմից չհաստատվեց հիմնականում ամերիկահայ կազմակերպությունների լոբբիստական ջանքերի հետեւանքով: Բարաք Օբամայի հրամանագրով նա պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի:

Էլիզաբեթ Չուլջյանի խոսքերով` Բաքվից մեկնելուց հետո Բրայզայի հարցազրույցները, թուրքական ընկերությունում շահավետ աշխատանքի անցնելը ցույց տվեցին, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաեւ Սենատի մտահոգությունները ճիշտ էին:

«Եվ հիմա, երբ պարոն Մորնինգսթարի թեկնածությունն է քննարկվելու, դա կարեւոր առիթ կդառնա, նախ, իր տեսակետները լսելու ընդհանրապես Ամերիկայի կովկասյան քաղաքականության վերաբերյալ, եւ նաեւ, նկատի առնելով, որ այս քննարկումը տեղի է ունենալու Ադրբեջանի այս վերջին հարձակումներից մեկ շաբաթ անց, որոնց հետեւանքով 8 զինվոր է մահացել, առիթ կլինի հասկանալու, թե ամերիկյան կառավարությունը ճիշտ ինչ քայլեր պետք է ձեռնարկի` կանխելու Ադրբեջանի այս տեսակ հարձակումները եւ ընդհանրապես շրջանում անկայունություն մտցնելու իրենց հստակ տեսակետը», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատուն։

Չուլջյանը ասաց, որ լսումներից հետո կհրապարակեն Հայ դատի հանձնախմբի տեսակետը:

«Մեր մտահոգությունները հայտնել ենք սենատորներին, սենատորներին այլեւս մնում է, որ իրենց հարցերը տան քննարկումների ընթացքում` հունիսի 13-ի նիստի ընթացքում, եւ մենք հետազոտենք եւ այդ պատասխանների համաձայն կարողանանք տեսակետ ճշտել այս թեկնածուի մասին», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG