Մատչելիության հղումներ

Երեւանում առաջին անգամ սթրիթ դանսի մրցույթ անցկացվեց


Առաջին անգամ «Սթրիթ դանսի» մրցույթ՝ Երեւանում
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ութ խմբեր, 106 մասնակիցներ կիրակի օրը Երեւանում մրցեցին սթրիթ դանսի տարբեր ոճերում՝ բրեյք դանս, հիփ-հոփ, բի-բոյինգ եւ այլն, անհատական, զույգերով եւ խմբային անվանակարգերում: Վերջին անվանակարգում հաղթեց Life խումբը:

«Չեմ պարում մրցելու, չեմ պարում մարդկանց համար, պարում եմ իմ հոգու համար, որովհետեւ դա մի ուրիշ աշխարհ է, որը միայն պարող մարդիկ կարող են հասկանալ, թե ինչ է նշանակում մարմինդ ջարդել, փշրել, ցավեցնել, եւ երկու րոպե բեմում հաճույք ստանալ ու դրական էմոցիա փոխանցել մարդկանց», - ասաց Life խմբի պարուհի Մարիշը:

Երկար պարապմունքները եւ հավանական վնասվածքները մեզ հանդիպած ոչ մի սթրիթ դանսերի համար պատճառ չէին չպարելու:

«Երկու ձեռքերս, ոտքերս կոտրվել են, ամեն ձեռքս էլ մի անգամ ճաքել է», - ասաց Big street dance խմբի ղեկավար Դավիթ Տաիրյանը:

«Կոտրած դեռ ոչինչ չունեմ, բայց կապտուկները, ձգված մկանները սովորական են արդեն», - ասաց Life խմբի անդամ Մարիշը:

Hip-hop Congress Armenia-ի նախաձեռնությամբ կազմակերպված մրցույթը Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ: Կազմակերպիչներից մեկի` Արթուր Անդրեասյանի խոսքով, այն միավորեց Հայաստանի հիփ-հոփ մշակույթի բոլոր ներկայացուցիչներին:

Սթրիթ դանս թարգմանաբար նշանակում է փողոցային պար, որն իր մեջ ներառում է այն պարային ոճերը, որոնք զարգացել են ակադեմիական պարային ստուդիաներից դուրս՝ ԱՄՆ-ի փողոցներում, ակումբներում, դպրոցի բակերում եւ այլուր:

Մասնակիցների եւ ժյուրիի կազմում կային նաեւ ներկայացուցիչներ Վրաստանից եւ Իրանից:

«Վրաստանում, օրինակ, բրեյք դանս պարողները հավաքվում են տարբեր այգիներում, բակերում, իրենց համար պարահրապարակ են ստեղծում եւ պարում», - ասաց Վրաստանի ներկայացուցիչ, ժյուրիի անդամ, BBoy Պիոները:

Ժյուրիի անդամ, Իրանի ներկայացուցիչ BBoy Փավրիզը, ում ուսին դաջված է «Պարիր կամ մեռիր» արտահայտությունը, 11 տարի գաղտնի է պարում, քանի որ Իրանում արգելված են այս ոճի պարերը: Այդուհանդերձ, նրա խոսքով, Իրանում եւս օրեցօր ավելանում են սթրիթ դասերները:

«Ոստիկանները բռնում, տանում են, ասում են` իրավունք չունես պարելու, իրավունք չունես խմբի հետ բարձր երաժշտությամբ աշխատելու», - ասաց Փավրիզը:
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG