Մատչելիության հղումներ

Գյումրիում հիմնվեց «Արդարամիտների այգի»


Հրանտ Դինքի հիշատակին հիմնված «Արդարամիտների այգին»
Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շարքին հրավիրվել էին հայ եւ թուրք մտավորականներ, արվեստագետներ: Հյուրերի թվում էր նաեւ Հրանտ Դինքի այրին:

«Մշակութային երկխոսությունը շատ կարեւոր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռաքել Դինքը: - «Հետագայում պետությունները, կառավարությունները ստիպված են լինում շփումներ ունենալ»:

Երեկ հայտնի դարձավ, որ Հրանտ Դինքի սպանության գործն ուղարկվել է Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարան: Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն, Ռաքել Դինքը պատասխանեց. - «Շատ լավատես չենք, բայց անակնկալներ կարող են լինել»:

Գյումրի ժամանած թուրքական պատվիրակության կազմում հիմնականում այն մարդիկ են, ովքեր իրենց երկրում բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության հարցը:

Հրապարակախոս Չենգիզ Աքտարը իր խոսքում ասաց, թե վերջին տարիներին Թուրքիայում հայերն այսպես ասած` ինքնահաստատվում են. ժամանակին վախի ու սպառնալիքի տակ իրենց ազգությունից հրաժարված հայերը հիմա ասում են, որ հայ են, անգամ կրոնափոխվում են, Թուրքիայում վերակառուցվում են հայկական եկեղեցիներ, փորձում են վերականգնել հայկական տեղանունները:

«Ջինը շշից դուրս է եկել եւ այլեւս չի վերադառնա այնտեղ», - նշեց թուրք հրապարակախոսը` հավելելով, որ վերադառնում է ավելի քան հարյուր տարվա հիշողությունը. - «Որովհետեւ Հայոց ցեղասպանության պատճառ հանդիսացած այս արհեստական ազգային բացատրությունն այլեւս փշրվում է ամեն կողմից»:

«Անադոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալան, ընդգծելով մշակութային համագործակցության կարեւորությունը, դրա նշանակալի քայլերից մեկը համարեց Գյումրին մշակութային միջազգային կենտրոն դարձնելու գաղափարը:

«Այս մշակութային համագործակցությունը ցույց է տալիս այն անիմաստությունը, այն հիմարությունը, որ սահմանները փակ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կավալան` հավելելով, որ իրենք փորձում են այդ հարցում ազդել պետության վրա, բայց «դա շատ դժվար գործընթաց է»:

Միջոցառման մասնակիցներից Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիտդը ասաց, որ Թուրքիան ի վերջո պետք է «քաղաքական որոշում կայացնի եւ ճանաչի պատմական ճշմարտությունը»:

Օրվա վերջում Գյումրիում Հրանտ Դինքի հիշատակին հիմնվեց «Արդարամիտների այգի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG