Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է «լրջություն հաղորդել» իր ռազմատենչ հայտարարություններին


Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին կից Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի համոզմամբ, ղարաբաղյան խնդրի շուրջ սպասվող բանակցություններին ընդառաջ Ադրբեջանը փորձում է հանդես գալ ուժի դիրքերից, ինչով էլ պայմանավորված են ադրբեջանական կողմի գործողությունները սահմանին:

«Ադրբեջանը որդեգրել է մաքսիմալիստական ծայրահեղ մոտեցում, բանակցային գործընթացում օգտագործում է այնպիսի էլեմենտ, ինչպիսին ուժի դիմելու սպառնալիքն է: Վերջին տարիներին բազմիցս առիթ ենք ունեցել լսել Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից այնպիսի հայտարարություններ, որ նրանք արել են միլիարդավոր ներդրումներ իրենց բանակի մեջ, որ բանակը մարտունակ է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, եւ ինչ-ինչ լրջություն հաղորդելու համար այս հայտարարություններին նրանք սահմանում լարվածություն են պահում», - ուրբաթ օրը տեղի ունեցած ասուլիսին ասաց Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, թե Բաքվի նշված ռազմավարությունը ձախողվելու է, քանի որ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում հաշվի նստել ադրբեջանական կողմի սպառնալիքների հետ, իսկ Ադրբեջանի ռազմական ոտնձգություններն էլ կոշտ հակահարված են ստանալու:

Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ «Զինապարտության մասին» օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես, եթե նախկինում օրենքը ժամկետներ էր սահմանում, թե Հայաստանում երբ է կարելի զորակոչ անցկացնել (նախագահի հրամանագրով տարին երկու անգամ` ապրիլ-հունիս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին), ապա այս մարտին օրենքում կատարված փոփոխություններից հետո ժամկետային սահմանափակումները վերացվել են:

«Զորակոչը եւ զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ», - սահմանում է օրենքի նոր տարբերակը:

Հարցին, թե զորակոչի անցկացման կարգում կատարված փոփոխությունն արդյո՞ք պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ եւ վերջին շրջանում սահմանին նկատվող լարվածության աճով, Հարությունյանը պատասխանեց. - «Բացարձակապես այդ մտահոգությունը անտեղի է. այս փոփոխությունը ուղղակի կապված էր 12-րդ դասարանցիների հանգամանքով: Պետք էր հնարավորություն տալ նրանց, որպեսզի նրանք հանձնեն ընդունելության քննություն բուհերում եւ նաեւ արդյունքները ամփոփվեն: Արդյունքների ամփոփման հիման վրա կլինեն, իհարկե, զորակոչիկներ, որոնք կստանան տարկետման իրավունք: Ահա նրանց այս տարկետման իրավունքը ապահովելու համար այդպիսի փոփոխություն արվեց եւ սահմանվեց մինչեւ հուլիսի 30-ը»:

«Զորակոչը շարունակվելու է տարին երկու անգամ` ձեր իմացած ժամկետներում. իմ կարծիքով, ձմռան հետ կապված նախկին ժամկետների մեջ որեւէ փոփոխություն չի լինի, այնպես, որ այստեղ մտահոգվելու, անհանգստանալու կամ ուրիշ դրդապատճառներ փնտրելու առիթ չկա բացարձակապես», - շարունակեց նա:

Հավելենք, որ «Զինապարտության մասին» օրենքում կատարված հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է բնակավայրից ծառայության վայրի հեռավորությանը. եթե նախկինում զորակոչիկը պետք է ծառայեր իր բնակության վայրից առնվազն 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամասում (սա, իհարկե, չի վերաբերում արտոնություն ունեցողներին), ապա «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններից հետո այդ հեռավորությունը դարձել է 150 կիլոմետր:

Ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդականը նաեւ նշեց, որ զորակոչիկների թիվը կրճատվել է:

«Գաղտնիք չէ, որ որոշ չափով զորակոչային ռեսուրսը կրճատվել է, սակայն մենք տարեցտարի ավելացնում ենք բանակում պայմանագրային զինծառայողների թվաքանակը: Այս ինստիտուտը զարգանում է, եւ բանակի հեռանկարը կապված է պայմանագրային ծառայության ինստիտուտի ընդլայնման եւ աստիճանաբար պրոֆեսիոնալ ծառայության ինստիտուտի վերաճման հետ, այնպես որ այսօր Զինված ուժերում համալրվածության առումով որեւէ խնդիր չկա», - ասաց Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զորակոչիկների թվի նվազումը Հարությունյանը բացատրեց Հայաստանում դեռ 1990-ականներին արձանագրված ծնելիության անկմամբ:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG