Մատչելիության հղումներ

Սկսվում է ֆուտբոլի Հին աշխարհամասի մրցաշարը


Առաջին հանդիպումները տեղի կունենան Վարշավայում եւ Վրոցլավում, իսկ եզրափակիչը` հուլիսի 1-ին Կիեւում։

Այսօր Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին Վարշավայի մարզադաշտում Լեհաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականների հանդիպումով մեկնարկելու է Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնությունը։

2 ժամ 45 րոպե անց Վրոցլավում կխաղան Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները։

Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվող առաջնությանը մասնակցող 16 թիմերը բաժանված են 4 խմբերի, դրանցում ընդրկված 4-ական թիմերը կպայքարեն առաջին եւ երկրորդ տեղերի համար։

A խմբում են Ռուսաստանը, Հունաստանը, Չեխիան եւ Լեհաստանը։

B խմբում են Գերմանիան, Պորտուգալիան, Հոլանդիան եւ Դանիան։

C խմբում են աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան եւ Իռլանդիան։

D խմբում են Անգլիան, Ֆրանսիան, Ուկրաինան ու Շվեդիան։

Խմբային փուլը կտեւի մինչեւ հունիսի 19-ը, ինչից հետո 8 հավաքականներ հունիսի 21-24-ը կանցկացնեն քառորդ եզրափակիչի հանդիպումները։

A խմբի հաղթողը կհանդիպի B խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ, B խմբի հաղթողը կխաղա A խմբի երկրորդ հավաքականի հետ, C խմբի հաղթողը կհանդիպի D խմբի երկրորդ թիմի հետ, եւ D խմբի հաղթողն էլ կխաղա C խմբի երկրորդ թիմի հետ։

Կիսաեզրափակիչները տեղի կունենան հունիսի 27-ին եւ 28-ին` Դոնեցկում եւ Վարշավայում, իսկ հուլիսի 1-ին Կիեւում Երեւանի ժամանակով ժամը 22։45 տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը, եւ հայտնի կդառնա Հին աշխարհամասի լավագույն հավաքականի անունը։

Ո՞վ կհաղթի։ Փորձառու մասնագետները խուսափում են կանխագուշակումներից, իսկ գուցե հավատալ ոչ թե մարդկանց, այլ... կենդանիների՞ն։

Ֆուտբոլասերները անպայման կհիշեն ութոտնուկ Պաուլին, որը համաշխարհային «աստղ» էր դարձել իր զարմանալի ճիշտ գուշակումների համար։

Գերմանիայում` Օբերհաուսեն քաղաքի կենդանաբանական այգու բնակիչ Պաուլը ճիշտ էր գուշակել 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի 4 հանդիպումների եւ 2010 թվականի աշխարհի առաջնության բոլոր 7 հանդիպումների արդյունքը։

2010 թվականի հոկտեմբերին Պաուլ ութոտնուկը սատկել է, հիմա ուկրաինացիները ու լեհերն նոր «գուշակներ» են գտել. Ուկրաինայում երկուսն են` մայրաքաղաք Կիեւում խոզն է, որի անունն է Խրյակ, Խարկովում էլ Ֆրեդ անունով Ժանտաքիսն է, իսկ լեհերը գուշակի դերն են տալիս Կրակովի կենդանաբանական այգու փղին, որի անունը Չիտա է։

Երկու հետաքրքիր տվյալ` Գերմանիայի հավաքականը 6 անգամ է հասել եզրափակիչ, 3 անգամ հաղթել է։ Միշել Պլատինին, ով այսօր ՈւԵՖԱ-ի նախագահն է, Եվրոպայի առաջնություններում բոլորից շատ գոլերի հեղինակ է դարձել` Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը 9-ը գոլ է խփել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG