Մատչելիության հղումներ

Հայաստանը հակադարձում է Թուրքիայի ԱԳ նախարարին


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը անընդունելի է համարում «Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը»։

Այսօր հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին, ով, ըստ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ իր երկրի խորհրդարանում հայտարարել է, թե «երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ եւս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել», Շարմազանովը շեշտել է. - «Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող»:

«Ի գիտություն թե՛ Հայաստանից արեւմուտք եւ թե՛ Արցախից արեւելք ընկած երկրների ղեկավարների` եւս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…», - հայտարարում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ», - ասված է Շարմազանովի տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG