Մատչելիության հղումներ

Կառավարությունը բանակցում է «Եհովայի վկաների» հետ


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Կառավարությունը բանակցություններ է վարում «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ` որպեսզի վերջիններս հետ վերցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցերը:

Մինչեւ 2003 թվականը, հիշեցնենք, Հայաստանում չկար այլընտրանքային ծառայության մասին օրենք, եւ եթե քաղաքացին օրենքով սահմանված կարգով ազատված չէր զինվորական ծառայությունից ու հրաժարվում էր ծառայել, ասենք, կրոնական կամ այլ համոզմունքների պատճառով, նա ենթարկվում էր քրեական պատասխանատվության:

«Եհովային վկաներ» կազմակերպության անդամները, ինչպես հայտնի է, հրաժարվում են ծառայել բանակում եւ նրանցից շատերը դատապարտվել են ազատազրկման:

2001 թվականին Հայաստանն անդամակցեց Եվրախորհրդին` ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք պարտավորություններ, այդ թվում` քաղաքացիներին ապահովել այլընտրանքային ծառայություն: Եվ 2003 թվականին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը:

Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին նաեւ հնարավորություն տվեց «Եհովայի վկաներ» կազմակերպության` ազատազրկման դատապարտված անդամներին դիմել Եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին Եվրոպական դատարանը որոշումներ կայացրեց եւ նման երեք գործերի կապակցությամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3 անձի վճարել 10 հազարական եվրո` որպես դատական ծախսերի եւ բարոյական փոխհատուցում:

Արդարադատության նախարարը կառավարության այսօրվա նիստում խնդրեց պահուստային ֆոնդից հատկացնել 30 հազար եվրո` այդ փոխհատուցումը վճարելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե քանի նման գործ կա Եվրադատարանում, նախարար Թովմասյանը պատասխանեց. - «Եհովայի վկաներով բավականին մեծ թվով գործեր ունենք այս պահին, եւ իրենց հետ բանակցություններ ենք վարում: Մի մասը այս պահին գտնվում են ազատազրկման մեջ, իրենց պատիժն են կրում, եւ հիմնականում նրանք են [Եվրոպական դատարան դիմողները]: Այս օրենքի փոփոխության արդյունքում, կարծում եմ, հնարավոր կլինի հասնել նրան, որպեսզի նրանք հետ վերցնեն իրենց դիմումները»:

«Այլընտրաքային ծառայության մասին» օրենքը, սակայն, հարցը վերջնականապես չլուծեց, քանի որ առաջարկվող այլընտրանքային ծառայությունը նույնպես անցնում է զինվորականների վերահսկողության ներքո, եւ ծառայության ժամկետը 3 տարի է` մեկ տարով ավելի, քան սովորական ծառայությունը: Առաջարկվում է նաեւ այլընտրաքային աշխատանքային ծառայություն, որի ժամկետը 3,5 տարի է:

Այս հանգամանքները կրկին հարուցեցին «Եհովայի վկաներ»-ի դժգոհությունը, եւ նրանք դարձյալ հրաժարվեցին ու այսօր էլ հրաժարվում են անցնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության:

Արդյունքում, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կազմակերպության իրավական բաժնի ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանը, մոտ չորս տասնյակ Եհովայի վկաներ գտնվում են անազատության մեջ, որոնցից ավելի քան երկու տասնյակը դատական հայցեր են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. - «Նրանց գլխավոր նպատակը ազատ արձակվելն է: Նպատակը չէ անպայման պետության դեմ գնալու, ինչ-որ ձեւով դատական հայցեր հնարավորինս շատ ներկայացնելու: Ոչ: Ուղղակի Եհովայի վկաները ցանկանում են, որ Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները հարգվեն»:

Ըստ Իսպիրյանի, այսօր Հայաստանում կան մոտ 11 հազար Եհովայի վկաներ:

Գործադիրի նիստից հետո Արդարադատության նախարարը լրագրողներին ասաց, որ կառավարությունը մշակել է «Այլընտրաքային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների մի նախագիծ, որը Ազգային ժողով կներկայացվի այս աշնանը, եւ որի ընդունման դեպքում այլընտրանքային ծառայությունը կդառնա «ավելի գրավիչ»:

Ինչ վերաբերում է Եհովայի վկաների հետ բանակցություններին` նախարարն ասաց. - «Նման պրակտիկա Եվրոպական դատարանում կա, երբ կողմերը բանակցություններ են վարում եւ գալիս են հաշտության»:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG