Մատչելիության հղումներ

Շարմազանովը «թերի» է համարում Freedom House-ի գնահատականները


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում Հայաստանին տրված գնահատականները համարում է «թերի» եւ «սուբյեկտիվ»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շարմազանովը չհամաձայնեց, որ Հայաստանը կիսաավտորիտար երկիր է, ինչպես զեկույցում բնորոշել է Freedom House-ը։

«Չնայած հեղինակավոր կազմակերպություն է` այնուամենայնիվ, Freedom House-ը հայտնի է նաեւ իր սուբյեկտիվ գնահատականներով: Գնահատականները ես կարող եմ թերի համարել, որովհետեւ խոսելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մամուլի ազատության մասին եւ Հայաստանը դիտարկել որպես կիսաավտորիտար երկիր` դա իրականությունը չի արտացոլում», - հայտարարեց Շարմազանովը` շարունակելով. - «Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում ամեն ինչ լավ է եւ որեւէ խնդիր չկա, բայց Հայաստանում թեկուզ այս մեկ տարվա ընթացքում շատ լուրջ առաջընթաց է գրանցվել` հաշվի առնելով նաեւ հենց խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:

Վկայակոչելով Երեւանում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնչեցրած դրական գնահատականները մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների, ժողովրդավարական ինստիտուտների եւ մամուլի ազատության ամրապնդման մասին` Ազգային ժողովի փոխխոսնակը հակասություններ է տեսնում նրա հայտարարությունների եւ Freedom House-ի զեկույցի միջեւ: Նա հատկապես համաձայն չէ այն պնդմանը, որ լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը չի փոխվել։

«Բայց Freedom House-ը ի՞նչ շահեր ունի սուբյեկտիվ լինելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շարմազանովը արձագանքեց. - «Յուրաքանչյուրս էլ սուբյեկտիվ ենք, յուրաքանչյո՛ւրս, եւ յուրաքանչյուր գնահատական կարող է լինել սուբյեկտիվ: Պարզապես ես նրանց գնահատականին, նրանց եզրակացությանը համադրում եմ թե՛ տիկին Քլինթոնի գնահատականը եւ թե՛ առհասարակ այն առաջընթացը, որը կա»:

«Ես փաստերով եմ խոսում, ասում եմ` «սիրելիներս, մոնիթորինգ արեք 2008-ի մամուլը, մոնիթորինգ արեք 2012-ի մամուլը, մոնիթորինգ արեք նույն հանդիպումները ընդդիմության այն ժամանակ` պառլամենտական, նախագահական [ընտրարշավների ժամանակ] եւ այսօր։ Կա՞ առաջընթաց, թե՞` ոչ», - նշեց իշխող կուսակցության խոսնակը` շարունակելով. - «Կարծում եմ, գոնե այս պառլամենտական կամպանիան շահեկանորեն դրական առումով տարբերվել է մնացած քաղաքական կամպանիաներից, եւ այստեղ չտեսնել այդ առաջընթացը` կարծում եմ, խոսում է հենց սուբյեկտիվության մասին»։

Նրա կարծիքով` մամուլը այն ոլորտն է, որտեղ ամենամեծ առաջընթացն է ապահովվել. - «Հասարակությունը եւ նաեւ պետական չինովնիկները արդեն սովորել են, որ մամուլը պետք է քննադատի։ Այսինքն, եթե չորս-հինգ տարի առաջ նրանք մտածում էին այլ կերպ, հիմա ավելի լայնախոհ եւ հանդուրժող է դարձել իշխանությունը եւ շատ բաց, հրապարակային աշխատում է: Եվ այդ առաջընթացը չտեսնել` կարծում եմ, ճիշտ չէ»:

Միաժամանակ, ընդգծելով, որ նույնիսկ Freedom House-ի նման խիստ գնահատականներ հնչեցնող կազմակերպությունը թեկուզ չնչին, բայց առաջընթաց տեսել է ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, Ազգային ժողովի փոխխոսնակը եզրակացրեց. - «Այսինքն, մենք հետ չենք գնում` մենք առաջ ենք գնում: Պարզապես կարող ենք վիճել, թե արա՞գ ենք առաջ գնում, թե՞ դանդաղ ենք առաջ գնում»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG