Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը փորձում է վրանի տեղադրման հարցում համաձայնություն ձեռք բերել ոստիկանության հետ


Ոստիկանը փորձում է կանգնեցնել վրանի տեղադրումը Երեւանի Մաշտոցի այգում, 13 մարտի, 2012 թվական
Ոստիկանը փորձում է կանգնեցնել վրանի տեղադրումը Երեւանի Մաշտոցի այգում, 13 մարտի, 2012 թվական
Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում է հավաքների անցկացման ընթացքում վրանի տեղադրման հարցը:

Րաֆֆի Հովհաննիսյանի նստացույցից, Մաշտոցի այգու իրադարձություններից, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց անցկացվող հացադուլից հետո եզրկացություններով անելով՝ Կարեն Անդերասյանը դիմել է ոստիկանությանը` առաջարկելով համատեղ չափորոշիչներ մշակել, թե որ դեպքերում է կարելի վրան տեղադրել, իսկ որ դեպքերում` ոչ: Ոստիկանությունն արձագանքել է եւ անցած շաբաթ տեղի է ունեցել առաջին քննարկումը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց պաշտպանի առաջին տեղակալ Աշոտ Վահանյանը, թե ոստիկանության, թե օմբուդսմենի ներկայացուցիչները վկայակոչել են օրենսդրության նույն կետերը, խնդիրը եղել է տրամագծորեն տարբեր մոտեցումների մեջ:

«Ոստիկանությունը պետք է դրսեւորեր հանդուրժողականություն: Այսինքն ոստիկանը պետք է թույլ տա, որպեսզի մարդիկ իրենց առողջությունը պահպանելու կամ իրենց անձնական հավաքների անցկացման նպատակահարմարությունից ելնելով տեղադրեն վրան, որը, մեր կարծիքով, թույլատրելի է: Ոստիկանությունն էլ կարծում է, որ վրանի տեղադրումը այլոց իրավունքների խախտում է», - ասում է Վահանյանը:

Վահանյանի խոսքով, հավաքների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկը այսօր հենց վրանների տեղադրումն է: Հիշեցնենք, այսօրինակ գրեթե բոլոր դեպքերում օմբուդսմենը կոչ է արել ոստիկանությանը թույլ տալ մեկ վրանի տեղադրումը, քանի որ դա բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի դրույթներից: Ոստիկանությունը, սակայն, արգելել է` պատճառաբանելով, թե հասարակական կարգն է խախտվում: Առաջին քննարկումից հետո թեեւ որեւէ ընդհանուր մոտեցում չի գտնվել, սակայն կա պայմանավորվածություն շարունակելու բանակցությունները. - «Եվ հասնել ինչ-որ մի փոխադարձ պայմանավորվածության եւ հայտարարության, թե որ դեպքերում է մեր տեսակետները համընկնում: Ինձ թվում է՝ ոստիկանությունն էլ ուզում է գալ այն համոզմունքին, որ մենք չենք պնդի, որ մի վրանի տեղադրումը օրինական է, թե՝ ոչ: Այսինքն ոստիկանությունը հույս ունի, որ կհամոզի օմբուդսմենի գրասենյակին», - ասաց Վահանյանը:

Մաշտոցի պուրակի ակտիվիստ, իրավապաշտպան Մերի Խաչատրյանը ողջունում է օմբուդսմենի նախաձեռնությունը, բայց ասում է` լավ կլիներ իրենց կարծիքն էլ հաշվի առնեին, քանի որ երեք ամսից ավելի իրենք են պարբերաբար փորձել այգում վրան բացել: Նա պնդում է, որ ոստիկանների արգելքը միանգամյան անհիմն է եղել:

«Անկեղծ ասած, ինձ համար էլ անհայտ մնաց ոստիկանության այդ դիրքորոշումը: Ես նկատեցի, որ ոստիկանության մոտ «վրանաֆոբիա» է առաջացել, որովհետեւ եթե նույնիս վրանի մասին խոսակցություն էր գնում, դա ուղղակի շատ մեծ ռեզոնանս էր առաջացնում ոստիկանությունում՝ ընդհուպ մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ ոստիկանության ծառայողների թվաքանակի արագ ավելացում էր տեղի ունենում», - ասաց Խաչատրյանը:

Ակտիվիստը համաձայն է ոստիկանության ու օմբուդսմենի այն մոտեցման հետ, որ վրանի տեղադրումը չպետք է դառնա պայքարի միջոց, դա ընդամենը պետք է ծառայի ինչ-ինչ նպատակաների: Հիշեցնենք, Մաշտոցի այգում վրանը ապամոնտաժվեց ուշ գիշերով, երբ ներսում ակտիվիստ կար քնած:

«Այդ վրանը եղանակային պայմաններից ելնելով էր տեղադրվել. խաղաղ հավաքների անցկացման մեջ կարեւոր բան չէ անպայման վրան տեղադրելը, որպեսզի խաղաղ հավաք անցկացվի եւ այլն: Կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպեր, որոնք թույլ են տալիս եղանակային պայմանների եւ այլ հարգելի պատճառներով օգտագործել այդ միջոցը», - ասաց Խաչատրյանը:

Ավելին, ըստ ակտիվիստի, վրան տեղադրելու հետեւողական արգելքը ավելի շատ հավաքն առհասարակ ճնշելու միջոց է:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG