Մատչելիության հղումներ

Ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր


Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Ղազախստանից պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմական տեխնիկայի փոխանակման, սպասարկման եւ նորոգման, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ:

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարեւոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

Նույն օրը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ընդունել է նաեւ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG