Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կմասնակցեն ԱԺ հանձնաժողովների աշխատանքին


Նոր խորհրդարանի առաջին նիստը բոյկոտած երկու ընդդիմադիր խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ու «Ժառանգություն»-ը, երեքշաբթի օրը առաջին դռնփակ նիստերն անցկացրեցին Ազգային ժողովում: Աշխատանքային հանդիպումից առաջ ընդդիմադիրները նաեւ կազմակերպչական հարցեր լուծեցին` նոր աշխատասենյակներ ստացան առաջին հարկի տարբեր թեւերում:

ՀԱԿ-ը քննարկեց եւ որոշեց, որ կհրաժարվի Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնից:

«Կոնգրեսը որոշել է, որ փոխնախագահի տեղ իրեն հարկավոր չէ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Թեեւ ՀԱԿ-ը հրաժարվում է հանձնաժողովի փոխնախագահի իրեն հասանելիք պաշտոնից, սակայն հանձնաժողովների աշխատանքներին կմասնակցի: ՀԱԿ-ը խորհրդարանում յոթ պատգամավոր ունի. քանի որ հանձնաժողովների թիվը ավելի մեծ է ՀԱԿ պատգամավորների թվից, ընդդիմադիր խմբակցության յուրաքանչյուր անդամ, Փաշինյանի խոսքով, երկուական հանձնաժողովում կաշխատի: Թե ով որ հանձնաժողովում կաշխատի, դեռ քննարկում են:

Գագիկ Ջհանգիրյանը կողմնորոշվել է, նա ցանկանում է աշխատել պետաիրավական հարցերի, իսկ Լյուդմիլա Սարգսյանը` սոցիալական հարցերի հանձնաժողովում:

Փաշինյանի խոսքով` ՀԱԿ-ի քաղաքական օրակարգը չի փոխվել, ՀԱԿ-ը ձգտում է իշխանափոխության:

«Հույս ունեմ, որ եւ ՀԱԿ խմբակցությունը` որպես քաղաքական միավոր, եւ անհատ պատգամավորները, եւ ընդհանրապես ՀԱԿ-ը` նաեւ նրանք, ովքեր պատգամավոր չեն, այս հնարավորությունը ճիշտ կօգտագործեն, որովհետեւ այսօր Հայաստանում միեւնույն է օրակարգը չի փոխվում, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, եւ Սահմանադրական կարգը չի վերահաստատվել, քաղաքական օրակարգը մնում է նույնը: Նկատի ունեմ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռացումը եւ քրեաօլիգարխիկ համակարգի վերացումը եւ Հայաստանում սահմանադրական իրականության հաստատումը», - ասաց նա:

Նշենք, որ նախընտրական հանդիպումներում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը ասում էր, որ հայտնվելով ԱԺ-ում` ՀԱԿ-ը նախ եւ առաջ կբարձրացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը: Փաշինյանն ասում է` ՀԱԿ-ը այդ հարցը կբարձրացնի, երբ լինեն համապատասխան քաղաքական պայմաններ:

«Ինձ համար ամենալավ սցենարն այն է, երբ իմպիչմենտը խորհրդարանում ընդամենը արձանագրվի, բայց դա նախ փողոցում պետք է տեղի ունենա, որից հետո խորհրդարանում արձանագրվի: Ես ամեն ինչ կանեմ, որ այդ պայմանը հնարավորինս շուտ հասունանա», - ասաց Փաշինյանը:

Հարցին, թե կա՞ ընդդիմադիր խմբակցություն, որի հետ ՀԱԿ-ը պատկերացնում է համագործակցությունը, Փաշինյանը պատասխանեց. - «Սխալ եմ համարում Ազգային ժողով գալը` նախապես ասելով, թե ում հետ կհամագործակցես, ում հետ` չես համագործակցի: Մենք պատգամավորական, նաեւ քաղաքական գործունեություն ենք ծավալելու, օրենսդրական նախաձեռնություններ ենք ունենալու, եթե որեւէ մեկը միանա այդ օրենսդրական նախաձեռնությանը, հասկանալիորեն ոչ մեկը դեմ չի լինի: Իշխանափոխության պրոցեսում, եթե լինեն օրենսդրական նախաձեռնություններ, որին պատգամավորները կաջակցեն, որեւէ մեկը այդ աջակցությունից չի հրաժարվի»:

«Ժառանգության» այսօրվա նիստին չէր մասնակցում Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԺ-ի աշխատանքներին Հովհաննիսյանի մասնակցության հարցը մինչեւ սեպտեմբեր պետք է որոշի «Ժառանգություն» կուսակցության վարչությունը: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հովհաննիսյանն այդ ընթացքում չի մասնակցի խորհրդարանի աշխատանքներին:

«Ժառանգության» մյուս չորս անդամները (նրանցից երկուսը` Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից են) խմբակցության ղեկավար ընտրեցին Ռուբեն Հակոբյանին, քարտուղար` Զարուհի Փոստանջյանին: Նրանք եւս քննարկեցին հանձնաժողովներում իրենց ներկայացվածության հարցը:

«Ժառանգության» այսօրվա նիստին մասնակցող բոլոր պատգամավորները երկուական հանձնաժողովում կաշխատեն. նրանք փոխնախագահներ չեն կարող ունենալ, միայն` անդամներ:

Խմբակցության որոշմամբ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցությունը կներկայացնի Ռուբեն Հակոբյանը, Պետական-իրավական հարցերի ու Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը: Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը Ալեքսանդր Արզումանյանը կլինի, Տնտեսական հարցերի եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:

Փոստանջյանն ասում է` նույն ոգով են շարունակելու աշխատել. եթե իրենց գաղափարները այլ խմբակցություններ պաշտպանեն, նաեւ նրանց հետ կհամագործակցեն:

«Նույն ոճի մեջ շարունակություն է լինելու այն խմբակցության, որը հիմնադրվեց հինգ տարի առաջ, չնայած նրան որ իմ հարազատ գործընկերները այս խմբակցության մեջ այս պահին չկան, բայց դա ժամանակավոր լուծում է: 2013 թվականին ենք պատրաստվում, որպեսզի հարուցենք այնպիսի լուծումներ, այնպիսի խնդիրներ, որոնք բերելու են արտահերթ լուծումների, եւ այդ արտահերթ լուծումների արդյունքում մեր խմբակցությունը ոչ միայն լինելու է այն հին կազմով, այլ նաեւ համալրված նոր դեմքերով, նոր շնչով եւ ոգով», - ասաց Փոստանջյանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG