Մատչելիության հղումներ

Տնտեսության կայունացման միտումները «խորանում են»


Թեեւ որոշ տնտեսագետներ չեն արձանագրում Հայաստանի տնտեսության զարգացման միտումներ, սակայն էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանի գնահատմամբ, տնտեսության կայունացման միտումները խորանում են:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պաշտոնյան վկայակոչում է առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 4.7 տոկոս աճ: Իսկ այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.2 տոկոս աճ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Շինարարության ոլորտում է 5.2 տոկոս անկում գրանցվել։

«Դա ընդհանուր դինամիկայի մեջ տեղավորվում է, տնտեսությունը աստիճանաբար ավելի խորը միտումներով է կայուն աճ դրսեւորում», - ասում է պաշտոնյան:

Բաղդասարյանն առանձնացնում է արդյունաբերությունը` ասելով, որ այն ծանրակշիռ դեր ունի տնտեսության մեջ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 4 ամիսներին նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 15.3 տոկոս աճ:

«Այն, որ բավականին շատ մեկնաբանվեց մասնագետների կողմից, որ մենք ճգնաժամից հետո, ըստ էության, ունեցանք որակապես այլ կառուցվածք ունեցող տնտեսություն. դրա էությունը հենց կայանում էր նրանում, որ մեր աճը ենթադրվում էր, եւ դա արձանագրվեց եւ տնտեսության աճը առավելապես հիմնվում է արդյունաբերության, ծառայությունների վրա, քան նախկինում շինարարության: Բոլորին արդեն հայտնի է կարծես այդ իրավիճակը եւ դա, իհարկե, ավելի կայուն աճի ավելի մեծ երաշխիք է», - ասում է Բաղդասարյանը:

Էկոնոմիկայի նախարարության մասնագետը Հայաստանի տնտեսության մեջ շինարարության տեմպերի նվազումն այդքան էլ մեծ խնդիր չի համարում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահանման խթանման առումով շատ ավելի կարեւոր է արդյունաբերության աճը: Նշենք, որ արտահանման ծավալները եւս աճել են. առաջին 4 ամիսներին արտահանման պարագայում տնտեսական ակտիվության աճը կազմել է 17.8 տոկոս:

Տնտեսագետ, Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ տնտեսության ոլորտում աճի վերաբերյալ մի քանի թվերի ներկայացումը չի խոսում Հայաստանի տնտեսության էական զարգացումների մասին: Ասատրյանը շեշտում է` աղքատների թիվը չի նվազել, գործազուրկները շատ են, ու բերված դրական ցուցանիշները համաչափորեն չեն բաշխվում բոլորի վրա:

«Եթե մեր Հայաստանի քաղաքացիներին հարցնենք` նրանք արդյո՞ք յոթ տոկոսով ավելի լավ են ապրում, քան նախորդ տարի, միանշանակ կպատասխանեն` ոչ, որովհետեւ մեր տնտեսության խնդիրներից մեկն այն է, որ համաչափորեն չի բաժանվում այս արդյունքը: Մենք երկրում ունենք իշխող հատվածներ, որոնց է պատկանում այս արդյունքի, այդ թվում` եկամուտների զգալի մասը: Դա ընդամենը մեր հասարակության 2-3, գուցե 5, բայց ոչ ավելի տոկոսն է կազմում», - ասում է տնտեսագետը:

Ասատրյանն ուշադրություն է հրավիրում նաեւ արտահանման այլ ցուցանիշի վրա: Եթե այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանման դեպքում տնտեսական ակտիվության աճ է արձանագրվել, ապա այս տարվա ապրիլ ամսին արտահանման ցուցանիշները նախորդ ապրիլի համեմատ նվազել են մոտ 17 տոկոսով: Մինչդեռ ներմուծման ցուցանիշներն այս տարվա ապրիլին նախորդ ապրիլի համեմատ աճել են 5.4 տոկոսով: Ասատրյանն իր մտահոգությունն է հայտնում` նշելով, որ Հայաստանում շարունակում է մնալ ներմուծող երկիր:

Իսկ էկոնոմիկայի նախարարության մասնագետի գնահատմամբ, տնտեսության ոլորտում արձանագրված տնտեսական ակտիվության աճը դեռ չի նշանակում, որ այն անմիջապես ազդեցություն կթողնի բոլորի վրա: Ազդեցություն աստիճանաբար կզգացվի, ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում, նշում է Բաղդասարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG