Մատչելիության հղումներ

Փակ շուկայի հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել


Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության համատեղ հանձնաժողովը, որը ստեղծվել էր ուսումնասիրելու Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակը, այսօր Հանրային խորհրդում հայտարարեց, թե բանավոր համաձայնություն է ձեռք բերվել շինության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի հետ, որ աշխատանքները կշարունակվեն բացառապես այն էսքիզային նախագծով, որն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի մասնագետների դատին:

Նշված հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ աշխատանքները շուկայում կվերսկսվեն միայն վարչապետի կողմից նախագծի հաստատումից հետո:

«Պայմանավորվածությունն այդպիսին է, եւ ուրիշ բան լինել չի կարող: Հիմա մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որպեսզի մենք սեփականատիրոջից պահանջենք, որպեսզի նա ամրացնի մնացած մասը եւ վերաստեղծի այն մասը, որ քանդվել է», - ասաց Մինասյանը` հավելելով, որ շուկան սուպերմարկետ չի դառնա, չի ունենա լրացուցիչ հարկ, կավելանա միայն ստորգետնյա ավտոկայանատեղի, որի կառուցման թույլտվությունը տվել են Երեւանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը:

«Նա սկսել էր անօրինական: Այդտեղ նրան պետք է միանգամից արգելվեր, բայց նա արդեն արել էր այնքան անթույլատրելի բան, որ ստիպված մենք թույլ տվեցինք, որպեսզի տակի այդ «պադոշվան» ինքը անի` գոնե շենքի կայունությունը ապահովելու համար», - պարզաբանեց ճարտարապետը:

Թեեւ Ալեքսանյանը, ըստ հանձնաժողովի, չուներ աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, սակայն պատասխանատվության հարց, ինչպես փոխանցեց Մինասյանը, չի բարձրացվելու:

Մասնագետները իրատեսական են համարում քանդված կամարների ամբողջական վերականգնումը:

«Արդեն արել ենք մեր եզրակացությունը, որ այդ եղած կամարները բավականին մեծ ռեսուրս ունեն, կարող են աշխատել, եւ մնում է, որ մնացած մասերը մենք վերականգնենք: Դա արդեն աշխատանքային կարգով կանենք», - հայտարարեց Մինասյանը:

Սամվել Ալեքսանյանը, հիշեցնենք, պնդում է, թե կամարները ինքնափլուզվել են: Հատուկ այդ հարցն ուսումնասիրելու համար ստեղծված հանձնաժողովի անդամ, «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը, սակայն, այսօր ասաց, թե հնարավոր չէ պարզել` կամարները քանդե՞լ են, թե՞ դրանք ինքնափլուզվել են:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG