Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն դադարեցրեց ՀԱԿ-ի ցուցակով ավագանու մանդատ ստացած անձանց լիազորությունները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը իր արտահերթ նիստում որոշում կայացրեց դադարեցնել Հայ ազգային կոնգրեսի ցուցակով երեք տարի առաջ Երեւանի ավագանու մանդատ ստացած հինգ անձանց լիազորությունները:

Նրանք են ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ ՀԱԿ-ի նախկին անդամ, «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Խաչատուր Քոքոբելյանը: Վերջիններս օրերս ավագանու անդամությունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, քանի որ Հայաստանի սահմանադրությունը արգելում է պատգամավորին պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքակառավարման մարմիններում: Ինքնաբացարկներին հաջորդել էր Երեւանի քաղաքապետի որոշումը նրանց լիազորությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, 2009 թվականին ՀԱԿ-ը հայտարարեց, որ չի ընդունում Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների արդյունքը եւ հրաժարվեց 13 մանդատներից:

Այժմ այս հինգ անձանց փոխարեն ավագանու մանդատները առաջարկվեցին ՀԱԿ ավագանու ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող հաջորդ հինգ հոգուն: Նրանց անունները հրապարակեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրանք են` ՀԱԿ-ից խորհրդարանական ընտրություններից հետո հեռացած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Նորիկ Եղիազարյանը, Լյովա Եղիազարյանը, ՀԱԿ անդամներ` Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը եւ անկուսակցական, «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» ղեկավար Ռուբեն Թորոսյանը:

Այսօր Ռուբեն Թորոսյանին փոխանցվեց արդեն պատգամավոր դարձած Խաչատուր Քոքոբելյանի ավագանու մանդատը: Թորոսյանի` ավագանու անդամի մանդատ ստանալու առիթով Տիգրան Մուկուչյանը կես կատակ ասաց, թե` «իրականացրեցինք երազանքդ»:

Թորոսյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ անկախ նրանից, թե ՀԱԿ-ը ավագանու նիստերի մասնակցության վերաբերյալ ինչպիսի որոշում կկայացնի, ինքն անպայման մասնակցելու է ավագանու աշխատանքին` նպաստելով Երեւանի խնդիրների լուծմանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի վաղ չէր բացառել, որ թարմացված ցուցակով ավագանու կազմում աշխատելու հնարավորությունը ՀԱԿ-ը կարող է օգտագործել խորհրդարանական ամբիոնին զուգահեռ։

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա դրա քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ոչ մի պարագայում չեն վերցնի մանդատները եւ չեն մասնակցի ավագանու նիստերին, քանի որ 2009-ին նաեւ իրենց մասնակցությամբ կայացված որոշումը վերանայելու որեւէ անհրաժեշտություն չեն տեսնում։

please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG