Մատչելիության հղումներ

Օլանդը «չի շտապում» ցեղասպանության օրինագծի հարցում


Ֆրանսուա Հոլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթ է ունենում Ելիսեյան պալատում, Փարիզ, 15-ը մայիսի, 2012թ.
Ֆրանսուա Հոլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթ է ունենում Ելիսեյան պալատում, Փարիզ, 15-ը մայիսի, 2012թ.
Ֆրանսիայի նոր կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը մինչ կփորձի նորից ներկայացնել օրենսդիրներին, նախ կքննարկի Սահմանադրական խորհրդի որոշումը, հինգշաբթի օրը գրում է թուրքական Hurriyet Daily News-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:

Ֆրանսիայի արտգործնախարարի Le Monde-ին տված հարցազրույցից թուրքական թերթը մեջբերում է Լորան Ֆաբիուսի խոսքերը, ով ասել է. - «Հայոց ցեղասպանության հարցով մենք պետք է քննարկենք Սահմանադրական խորհրդի որոշումը»:

Ըստ հրապարակման՝ Ֆաբիուսն ասել է, թե «այնուհանդերձ, իրավական որոշ սահմանափակումներ կան»:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ ասել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը հեշտ չի լինի, նշելով, որ, ամեն դեպքում, «կարեւոր է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մեծ դեր է խաղում ե՛ւ տնտեսական, ե՛ւ դիվանագիտական ասպարեզներում, օրինակ` Սիրիայի եւ Իրանի հարցերում»:

Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից առաջ քաշված օրինագիծը այս տարվա սկզբին լարվածություն էր առաջացրել թուրք - ֆրանսիական հարաբերություններում: Օրինագիծը հաստատվել էր Ազգային ժողովում եւ Սենատում, բայց հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, որի կարծիքով` այն խախտում է նաեւ խոսքի ազատության իրավունքը:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է նորից կյանքի կոչել օրինագիծը:

Hurriyet Daily News-ը գրում է, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն` Հայոց ցեղասպանության խնդիրը դեռեւս պոտենցիալ սպառնալիք է թուրք - ֆրանսիական հարաբերությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG