Մատչելիության հղումներ

Մանդատները հանձնվեցին նորընտիր պատգամավորներին


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Շուշան Պետրոսյանին է հանձնում պատգամավորական մանդատը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Շուշան Պետրոսյանին է հանձնում պատգամավորական մանդատը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր հանձնեց նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները։

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը չմասնակցեցին ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից եւ «Օրինաց երկիր»-ից ընտրված պատգամավորները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ հանձնեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մանդատները: Մեծամասնականով, հիշեցնենք, ընդդիմադիր մեկ պատգամավոր է միայն ընտրվել` ՀՅԴ ներկայացուցիչ Արայիկ Գրիգորյանը, ով քվեարկությունից օրեր անց հայտարարեց, ու խորհրդարանում կհամագործակցի Հանրապետականի հետ:

Հինգերորդ գումարման Ազգային ժողովում վեց խմբակցություններ կձեւավորվեն։ 131 տեղերի կեսից ավելին` 69 տեղը կզբաղեցնի Հանրապետական կուսակցությունը, 37-ը` «Բարգավաճ Հայաստան»-ը, 7-ը` Հայ ազգային կոնգրեսը, 6-ը` «Օրինաց երկիր»-ը, 5-ական` «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Սամվել Նիկոյանը ասաց, որ նորընտիր խորհրդարանի խոսնակը ինքը չի լինի, այսօր երեկոյան նախատեսված Հանրապետականի գործադիր մարմնի նիստում որպես այդ պաշտոնի հավակնորդ քննարկվելու է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նիկոյանը հավելեց, որ հավանաբար կաշխատի կառավարությունում: Աբրահամյանը, ի դեպ, արարողությանը ներկա չէր:

Իսկ Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ կուսակցությունը պատրաստվում է առաջիկա օրերին հուշագիր ստորագրել «Օրինաց երկիր»-ի հետ:

Իր մանդատը ստանալու չէր եկել «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա մանդատը ստացավ Նաիրա Զոհրաբյանը, ով տեղեկացրեց, որ կուսակցության խմբակցությունը ԱԺ-ում է ղեկավարելու է Ծառուկյանը:

Լիազորություններն ավարտող խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը փոխնախագահի պաշտոն չի ունենա, կունենա խորհրդարանական չորս հանձնաժողովների նախագահների, երեք հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնները` համաձայն ստացած ձայների. - «Մենք խորհրդարանում կառուցողական ընդդիմություն ենք լինելու… Լավին լավ են ասում, վատին` վատ»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խուսափեց «ընդդիմություն» բառը գործածել. - «Մենք կլինենք այլընտրանք այսօր գործող իշխանություններին, որովհետեւ այսօր իշխանության լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության մոտ, կառավարության մոտ»:

Իր մանդատը այսօր ստացավ նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչը ստիպեց, որ դառնա ՀՀԿ-ի անդամ, երգչուհին ասաց պատասխանեց. - «Առաջարկը եղավ Հանրապետականից»: Հարցին` այլ առաջարկներին նույնպես կարձագանքեր, երգչուհին արձագանքեց. - «ՀԱԿ-ից` դժվար թե, որովհետեւ շատ են ինձ վիրավորել: Բայց ուրախ եմ իրենց ներկայության համար: Կարծում եմ, որ իրենք այսօր այստեղ պետք է լինեին»:

Նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի մայիսի 31-ի առավոտյան ժամը 10-ին։

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողության չմասնակցած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել` նշելով որ չի մասնակցելու նաեւ նորընտիր խորհրդարանի` վաղը կայանալիք առաջին նիստին:

«Մայիսի 31-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում», - ասված է հայտարարությունում: - «Միեւնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային Ժողովի աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային Ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:

please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG