Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ համագումարի ժամանակ, 20-ը մարտի, 2012
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ համագումարի ժամանակ, 20-ը մարտի, 2012
Իշխող Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները չորեքշաբթի երեկոյան կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր» վերնագրված փաստաթուղթը ստորագրեցին ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում:

«Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը», - ասված է համաձայնագրի տեքստում:

Փաստաթուղթը ստորագրած ուժերը նաեւ նշում են, որ քաղաքական կոալիցիան ստանձնում է Հայաստանի «քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը»:

«Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում` իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը», - հայտարարում են ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Կոալիցիոն համաձայնագիրը գործում է Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետներում:

Ազգային ժողովը կրկին կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

Նախքան կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցան ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը: Ինչպես նիստերից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հանրապետական որոշել է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովը կղեկավարի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը կլինեն ԱԺ փոխնախագահները:

«Հաջորդ հարցը, որը քննարկեցինք, ֆրակցիայի նախագահի հարցն էր` միաձայն ընդունվեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով, որ խորհրդարանական խմբակցության քարտուղարի հարց չեն քննարկել։

«Քննարկել ենք հանձնաժողովների նախագահների հարց։ Ինչպես գիտեք, վեց հանձնաժողով է տնօրինում Հայաստանի հանրապետական կուսակցությունը, եւ մենք արդեն ունենք ութ հանձնաժողով. ութը կլինեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, չորսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ», - ասաց Շարմազանովը` մանրամասնելով. - «Վեց հանձնաժողովի նախագահները, որոնք այսօր գործում են` պետաիրավական հանձնաժողով` Դավիթ Հարությունյան, տնտեսական հանձնաժողով` Վարդան Այվազյան, ֆինանսաբյուջետային հանձնաժողով` Գագիկ Մինասյան, սոցիալական հանձնաժողով` Հակոբ Հակոբյան, առողջապահության հանձնաժողով` Արա Բաբլոյան, կրթության, գիտության հանձնաժողով` Արտակ Դավթյան, եւ եւս երկու հանձնաժողով` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կլինի Արտակ Զաքարյանը, եւ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ կլինի իրավաբանական գիտությունների թեկնածու, մեծամասնական ընտրված պատգամավոր Կորյուն Նահապետյանը»։

Շարմազանովի խոսքով՝ կառավարության հարցը ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում չի քննարկվել. այդ հարցը, ըստ նրա, կքննարկվի ՀՀԿ-ի գործադիր մարմնի հաջորդ նիստում։ Այդուհանդերձ, Շարմազանովը հայտնեց իր անձնական կարծիքը, որ կառավարությունում էական փոփոխություններ չեն լինի:


please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG