Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին


Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են սրվում: Ադրբեջանը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով: Դեսպան Ջավանշիր Ախունդովը արդեն ժամանել է Բաքու:

Ավելի վաղ, անցած շաբաթվա ընթացքում, Իրանն էր Բաքվից հետ կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար:

Ադրբեջանի իշխանությունները նաեւ արգելել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մուտքը Ադրբեջանի տարածք: Այս մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի ներկայացուցիչ Ֆարիդ Ասրիին երկուշաբթի օրը Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել Իրան:

Ադրբեջանը կրկին փորձում է հայտնաբերել Իրանում անհետացած ադրբեջանցի երիտասարդներին: Այսօրվա ընթացքում Ադրբեջանը Իրանին երեք նոտա է ներկայացրել կրկին ու կրկին պահանջելով հստակության մտցնել Իրանի Թավրիզ քաղաքում անհետացած ադրբեջանցի բանաստեղծներ Ֆարիդ Հուսեյնի եւ Շախրիյար Հաջիզադեի հարցում:

Ավելի վաղ, ոչ պաշտոնական հաղորդագրություններում կասկածներ էին հայտնվել, որ նրանք Իրանում ձերբակալվել են:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, որ նոտաները ներկայացվել են Բաքվում Ադրբեջանի դեսպանությանը՝ ճշտելու համար, թե արդյոք այդ երիտասարդները ձերբակալված են, եւ եթե այո՝ ապա ինչ պատճառով:

Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվեցին վերջին ամիսների ընթացքում, երբ Ադրբեջանում ձերբակալվեցին մի խումբ մարդիկ, որոնք, ինչպես հաղորդվում էր, կապեր ունեին Իրանի հետ ու մտադիր էին Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ կազմակերպել՝ խարխլելու համար իշխանությունը: Սրանից բացի, Ադրբեջանի ու Իսրայելի կապերի սերտացումը եւս վատթարացրեց Իրան-Ադրբեջան հարաբերությունները, մասնավորապես, երբ հաղորդվեց, որ Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակությամբ զենք է գնում, ինչը առաջացրեց Թեհրանի մտահոգությունը: Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսրայելին թշնամի երկիր է համրում:

Նույնիսկ Բաքվում Եվրատեսիլի երգի փառատոնի անցկացումը ստվեր գցեց իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG