Մատչելիության հղումներ

Ազատ առեւտրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունիսին


Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվին
Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվին
Հունիսի 19-ին Բրյուսելում մեկնարկելու են Եվրամիության ու Հայաստանի միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները:

Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նա մանրամասնեց, թե մայիսի սկզբին Բրյուսելում կայացել է բանակցությունների նախապատրաստական փուլը, որի ժամանակ էլ հստակեցվել են այն կետերը, որոնց հիման վրա բանակցությունները մեկնարկելու են:

«Պետք է նշեմ, որ ի տարբերություն պարզ, ազատ առեւտրի, որ մենք ունենք մի քանի երկրների հետ նույնպես, այս պարագայում խոսքը գնում է ավելի ամբողջական եւ ընդհանրական մի փաթեթի մասին, որը ոչ միայն լրջագույն հիմք է լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, այլ նաեւ Հայաստանում ներքին զարգացման գործընթացների եւ բարեփոխումների խթանման առումով: Այլ կերպ ասած՝ սա մի ժամանակահատված հետո մեզ կբերի ընդհանուր տնտեսության մակարդակի բարելավում եւ համապատասխանեցում եվրոպական չափանիշներին», - ասաց Մելքոնյանը:

Հիշեցնենք, շուրջ երկու տարի տեւած քննարկումներից հետո փետրվարի Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց սկսել բանակցությունները պաշտոնական Երեւանի հետ` երկկողմ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ:

Նշենք նաեւ, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների առումով վերջին շրջանը առանձնացավ ուշագրավ հանգամանքներով: Նախ փետրվարին (Եվրահանձնաժողովի վերոհիշյալ որոշումից շատ չանցած) Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը հարավկովկասյան երկրների վերաբերյալ ընդունեց հատուկ մի փաստաթուղթ, ուր, անդրադառնալով նաեւ ղարաբաղյան խնդրին, նշվեց, որ Եվրամիությունը ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն։ Փաստաթուղթը ուղեկցվեց Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի հայտարարությամբ, ըստ որի «Եվրամիությունը ուզում է ծանրակշիռ դեր ստանձնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում»: Այնուհետեւ մայիսի կեսերին, ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականում հանդես գալով հրապարակմամբ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշեց, թե «Հայաստանը նայում է Եվրոպային»` մանրամասնելով, թե ինչով է հատկապես գայթակղիչ եվրաինտեգրումը Հայաստանի համար։

Իսկ Երեւանում այսօր տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական տասնմեկերորդ նիստը: Եվրոպական կողմից ներկա էր Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվինը, ում հարցրեցինք, թե իր կարծիքով Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները որքա՞ն կտեւեն: Նա հրաժարվեց կոնկրետ ժամանակահատված նշել:

«Ես չեմ կարող կանխատեսումներ կատարել, թե ինչքան կտեւեն բանակցությունները, սակայն կարող եմ ասել, որ բանակցությունների բովանադակությունն ավելի կարեւոր է, եւ այստեղ ամեն ինչ կախված է հայկական կողմից: Ինչպես նշվեց, Հայաստանը բավականաչափ առաջընթաց էր արձանագրել բանակցությունները սկսելու համար: Չնայած [ԵՄ հետ] Հայաստանը ավելի ուշ սկսեց բանակցությունները, քան մյուս երկրները, սակայն արագ կարողացավ նրանց հասնել, բայց մյուս կողմից պետք է ասեմ, որ Հայաստանը դեռ շատ բան պետք է անի, եւ մենք կհետեւենք Հայաստանի քայլերին բանակցությունների ընթացքում», - ասաց նա:

Դեվինը մանրամասնեց, թե տնտեսությանն առնչվող մի շարք ոլորտների վերաբերյալ հայկական կողմը պետք է առաջիկայում ընդունի նոր օրենքներ, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:

«Եվ ավելի կարեւոր է, որ Հայաստանը սկսի կյանքի կոչել այն օրենքները, որոնք արդեն ընդունվել են», - նշեց ԵՄ ներկայացուցիչը:

Լյուկ Դեվինը նաեւ ընդգծեց, թե բանակցությունների հաջող ընթացքը կապված է լինելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման հետ:

«Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծման մասին բանակցությունները ավելի լայն մի համաձայնության մասն են, որը կոչվում է Ասոցացման մասին պայմանագիր: Վերջինիս վերաբերյալ համաձայնության կայացումը կախված է նաեւ Հայաստանում ժողովրդավարության վիճակից», - ասաց նա:

ԵՄ ներկայացուցիչը կարծիք հայտնեց նաեւ, որ եվրագոտու որոշ երկրներում առկա ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, ու որպես իր ասածի հիմնավորում՝ ներկայացրեց ԵՄ-Հայաստան առեւտրի ծավալների վերաբերյալ իր մոտ եղած տվյալները, որոնց համաձայն երկկողմ առեւտուրը վերջին շրջանում աճել է:

please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG