Մատչելիության հղումներ

Նոր ԱԺ-ում 14 կին պատգամավոր կլինի


Նորընտիր Ազգային ժողովի 131 պատգամավորներից 14-ն են կանայք:

Ամենամեծ` Հանրապետական կուսակցության խմբակցությունում կին պատգամավորների թիվն էլ ամենամեծն է` 9 հոգի: Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալներով, ՀՀԿ-ն Ազգային ժողովում 69 մանդատ է ստացել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կլինեն 2 կին պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանն ու փաստաբան Էլինար Վարդանյանը: ԲՀԿ-ն ունի 37 մանդատ:

Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակներով օրենսդիր մարմնում հայտնվել են մեկական կին պատգամավորներ:

Միակ խմբակցությունը, որտեղ կին պատգամավոր չի լինի, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է:

Մեծամասնական ընտրակարգով երկու կին է ընտրվել Ազգային ժողով: 2-ն էլ վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը:

Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը 20 տոկոսից պակաս չլինի: Օրենսգրքի այս պահանջը կատարվեց, սակայն անցողիկ տեղերում հայտնված շատ կանայք ինքնաբացարկի դիմումներ գրեցին` իրենց տեղը զիջելով տղամարդկանց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը իրենց խմբակցությունում ընդամենը 2 կին պատգամավորի ներկայությունը բացատրեց հետեւյալ կերպ. - «Դա կուսակցության դիրքորոշումն էր, կուսակցության քաղաքական խորհրդի դիրքորոշումն էր: Բայց ես ձեզ միանշանակ կարող եմ վստահեցնել, որ 2 կին պատգամավորով էլ մենք լինելու ենք բավականաչափ ակտիվ, բավականաչափ նախաձեռնողական»:

Զոհրաբյանն ասաց, որ արդեն առաջարկություններ է պատրաստել, մասնավորապես` գրահրատարակչության ոլորտը հարկերից ազատելու մասին, եւ կոչ արեց բոլոր կին պատգամավորներին միանալ դրան:

Նա չի կիսում տարածված կարծիքը, թե տղամարդիկ են որոշիչ դերակատարները հայաստանյան քաղաքական դաշտում. - «Խորհրդարանական գործունեության անցած 5 տարիները վկայեցին, որ ամենաակտիվ պատգամավորները խորհրդարանում կին պատգամավորներն էին»:

Թեեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ իր անդամների 70 տոկոսը կանայք ենք, սակայն նորընտիր խորհրդարանում կունենա միայն մեկ կին պատգամավոր` Հեղինե Բիշարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բիշարյանը դա բացատրեց, նրանով, որ իրենք ընդամենը 6 տեղ ունեն խորհրդարանում:

«Գտնում եմ, որ լավ կլինի, որ Ընտրական օրենսգրքի պահանջները չխախտվեն` կանայք շատանան: Որովհետեւ կանայք շատ լավ աշխատում են», - հավելեց նա:

Հանրապետականը, ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, ավելացրել է կանանց ներգրավվածությունը խմբակցությունում: Նախորդ Ազգային ժողովի պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի ու Կարինե Աճեմյանի կողքին կաշխատեն երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ինթերնեշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ տնօրեն Մարինա Մարաբյանը, իրավունքի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը եւ լրագրող Մարգարիտ Եսայանը:

«Առավոտ»-ի նախկին թղթակիցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հույս ունի քաղաքական դաշտում արմատավորել հանդուրժողականությունն ու միմյանց լսելու ունակությունը:

Հարցին, թե արդյոք իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր լինելը չի խանգարի որոշ հարցեր բարձրաձայնելուն, Եսայանը արձագանքեց. - «Շատ ավելի մխիթարական է իրավիճակը, որովհետեւ երբ դու դրսից որպես լրագրող ես նայում մարդկանց, բոլորովին այլ կարծիք եւ այլ պատկերացումներ ես ունենում, քան երբ դու ներսում ես: Եվ այն ձգտումները, մտադրությունները, որ ինքս ունեմ անձամբ, կարծում եմ, ունի Հանրապետական կուսակցությունն` ամբողջությամբ եւ նրա անդամները` մեծ մասամբ: Կուսակցությունը ձգտում է երկիրը կարգին երկիր դարձնել: Եվ չեմ կարծում, որ որեւէ արտառոց տարաձայնություններ լինեն իմ եւ Հանրապետականների միջեւ… Հաստատ չեմ լռի [բացասական երեւույթը տեսնելով], որովհետեւ ընդհանրապես բացասականի մասին պիտի խոսես»:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG