Մատչելիության հղումներ

Պայթյուն եւ փլուզում «Էլեկտրոն» գործարանում. կա 2 զոհ


Երեւանի Շարուրի 37 հասցեում գտնվող «էլեկտրոն» գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով երկու մարդ է զոհվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:

Դեպքի վայրում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գործարանի տնօրենի փոխանցմամբ, փլատակների տակ են մնացել արտադրամասի վարիչն եւ նրա տեղակալը: 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, մահացել է հիվանդանոցում: Իսկ 64-ամյա Ազիզբեկ Բարսամյանը մահացել է տեղում:

Տնօրենի խոսքով, արտադրամասում այլ մարդիկ չեն եղել:

Արմեն Երիցյանը ասաց նաեւ, որ պայթյունի եւ դրան հետեւած փլուզման պատճառները դեռ չեն պարզվել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Հարցին, թե ինչու են եկել նաեւ Պաշտպանության նախարարարության ներկայացուցիչները, նախարարաը պատասխանեց. - «Պաշտպանության նախարարությունը նույնպես պայմանագիր ունի, լիցենզիայով որոշակի բաներ է արտադրում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG