Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին ցանկանում է հանդիպել Հիլարի Քլինթոնին


Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ժամանակ, 27-ը մայիսի, 2012թ.
Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաքի ժամանակ, 27-ը մայիսի, 2012թ.
Վրաստանի ամենահարուստ բնակիչ ու նորաստեղծ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փորձում է զարգացնել կիրակնօրյա հուժկու ցույցի հաջողությունը` այժմ արդեն միջազգային ասպարեզում: Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, թե պատրաստվում է հանդիպել եկող շաբաթ Թբիլիսի ժամանող Հիլարի Քլինթոնի հետ:

«Մենք տեղյակ ենք, որ նա կարճատեւ այցով է ժամանում մեր երկիր, այդուհանդերձ, կփորձենք կազմակերպել այդ հանդիպումը», - նշել է Իվանիշվիլին` խոստովանելով, սակայն, որ դեռ հստակ չէ` կհաջողվի՞ դա իրենց, թե՞` ոչ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը տարածաշրջանային այցի շրջանակներում Վրաստան կժամանի հունիսի 5-ին: Բաթումիում Հիլարի Քլինթոնը կմասնակցի Վրաց - ամերիկյան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստին:

Ուշագրավ է, որ դեռ մարտին Իվանիշվիլին հրաժարվել էր հանդիպել մեկ այլ բարձրաստիճան արեւմտյան դիվանագետի` Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հետ: Այն ժամանակ Իվանիշվիլին խիստ վրդովվել էր, որ Վեստերվելեն իրեն հանդիպման է հրավիրել մեկ այլ վրացական կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Գեորգի Թարգամաձեի հետ: «Շպիգել»-ին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել էր, թե Գերմանիայի արտգործնախարարն իրեն հանդիպման է հրավիրել «գրպանային, կեղծ ընդդիմության» առաջնորդի հետ, ինչն իր համար «փոքր-ինչ վիրավորական էր»:

Սրան զուգահեռ` Թբիլիսիում եւս մեկ սկանդալ է հասունանում: Քննաշրջանի ամենաթեժ պահին կրթության նախարարությունը որոշել է պաշտոնանկ անել Ազգային քննական կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլիին: Կրթության նախարարությունը հայտարարում է, որ դրա պատճառը նախարարության եւ կենտրոնի ղեկավարի միջեւ ծագած տարակարծություններ են։ Քաղաքական շրջանակները, սակայն, պնդում են, որ պաշտոնանկության իրական պատճառներն այլ են: Մամուլում ի հայտ եկած որոշ հրապարակումների համաձայն` պաշտոնանկության իրական պատճառը Ազգային քննական կենտրոնի ղեկավարի որդու մասնակցությունն էր ընդդիմադիրների կիրակնօրյա ակցիային:

«Այո, որդիս կնոջ հետ միասին մասնակցել է այդ ցույցին: Եթե իմ պաշտոնանկության իրական պատճառը հենց դա է, ապա ես ուղղակի վրդովված եմ», - հայտարարել է Միմինոշվիլին:

Կրթության նախարար Դմիտրի Շաշկինն իրեն ներկայացվող մեղադրանքները որակել է որպես «մարազմ»:

Թբիլիսիում, սակայն, արդեն իսկ խոսում են, որ պաշտոնանկ արված Միմինոշվիլին առաջիկայում կհամալրի «Վրացական երազանք» դաշինքի շարքերը: Երեկ Իվանիշվիլին ընդունել է Ազգային քննական կենտրոնի արդեն նախկին ղեկավարին` ցանկանալով նրանից տեղեկանալ պաշտոնանկության պատճառների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG