Մատչելիության հղումներ

Ըստ Գյուլի` հայ - թուրքական գործընթացը վերջնականապես սառեցված չէ


Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես սառեցված չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ Միացյալ Նահանգներ կատարած տասնօրյա այցի ավարտին։

Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, Գյուլը խնդրին անդրադարձել է Նահանգներից հայրենիք վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ։

«Չեմ կարծում, թե հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ավարտվել է», - ասել է Գյուլն ու հավելել. - «Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ լայն մասշտաբով։ Կան ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ պաշտոնական կազմակերպություններ, որոնց հանձնարարություններ են տրվել այս հարցի առնչությամբ։ Ստատուս քվոն օգտակար չէ ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին»։

Գյուլը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։ «Հայերը, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում Սան Ֆրանցիսկոյում, ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ եւ ասացին, որ ուրախ են մեր այցի համար», - ասել է Թուրքիայի նախագահը։

Մեկ շաբաթից էլ Հարավային Կովկաս, ապա Թուրքիա կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով երկու տարի առաջ Երեւան կատարած այցի ժամանակ կրկին աջակցություն էր հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ընդգծել, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է։

Հայ - թուրքական հարաբերություններից բացի, Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ անցած տարեվերջին քրդաբնակ Հաքյարի նահանգում տեղի ունեցած արյունալի միջադեպին, երբ թուրք զինվորների ռմբակոծության արդյունքում ավելի քան 30 խաղաղ բնակիչ էր զոհվել։

Լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնելով կատարվածի համար՝ Գյուլը նշել է, թե պատրաստ է հանձնարարել նախագահի ենթակայության տակ գտվող վերահսկիչ մարմնին քննություն իրականացնել միջադեպի շուրջ։

Իսկ պատրա՞ստ է արդյոք Թուրքիայի Հանրապետությունը ներողություն խնդրել անմեղ մարդկանց՝ 34 քրդերի սպանության համար, հետաքրքրվել են լրագրողները, ինչին Գյուլն արձագանքել է. - «Այն, ինչ ես եմ ասում, ավելին է, քան ներողությունը։ Ներողություն կարող է հայցվել, սակայն մենք շատ ավելի խորը ցավ ենք ապրում»։ «Թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական իշխանությունները այնքան ցնցված էին այդ միջադեպից, ասես դրա արդյունքում մեր մերձավոր հարազատներն էին տուժել», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը` միաժամանակ ընդունելով, որ պաշտոնյաները չեն կարողացել հասարակությանը համոզել իրենց ապրումների անկեղծության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG