Կահիրեի քրեական դատարանն այսօր 7 տարվա ազատազրկման է դատապարտել տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր աջակիցներից մեկին՝ վարչակազմի ղեկավար Զաքարիա Ազմիին՝ կաշառակերության եւ պետության միջոցները յուրացնելու համար։ Ազատազրկումից բացի, Ֆրանսպրեսի հաղորդմամբ, դատարանը նաեւ պարտավորեցրել է Ազմիին ավելի քան 6 միլիոն դոլար փոխանցել պետբյուջեին։
Ազմին համարվում էր Հոսնի Մուբարաքի վարչակազմի ամենաազդեցիկ անդամներից մեկը եւ նրա աշխատակազմում էր 1989 թվականից։
Հունիսի երկուսին դատարանը կհրապարակի նաեւ Մուբարաքի գործով վճիռը, ով կոռուպցիայից բացի մեղադրվում է նաեւ հակակառավարական ցույցի մասնակիցներին սպանելու հրաման տալու մեջ։