Մատչելիության հղումներ

Վարչապետը եւս պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, շաբաթ օրը Գյումրի կատարած իր աշխատանքային այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խուսափեց կոնկրետ պատասխան տալ հարցին, թե արդյո՞ք շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե խոսակցություններ կան, որ շարունակելու է իր պաշտոնավարումը, Տիգրան Սարգսյանը հարցով պատասխանեց. - «Իսկ դուք ի՞նչ կասեք, դա ես պետք է ասե՞մ»:

Անդրադառնալով վարչապետի այլ հավանական թեկնածուների մասին շրջանառվող լուրերին՝ վարչապետն ասաց, թե ուրախ է, որ Հայաստանում կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք «կարող են զբաղեցնել բարձր պաշտոններ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա չկազմելուն անդրադառնալով, Տիգրան Սարգսյանն ասաց. - «Մենք հարգում ենք մեր գործընկերների որոշումը եւ համոզված եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»:

«Արդյո՞ք ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմություն կլինի՞, թե՞ ոչ» հարցին վարչապետը պատասխանեց. - «Իսկ ո՞վ է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու»:

Հիշեցնենք, ավելի վաղ նման համոզմունք էր հայտնել նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նույն հարցին քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը պատասխանեց. - «Ժամանակը կգա, կտեսնենք»:

Ինչ վերաբերում է վարչապետի Գյումրի կատարած աշխատանքային այցին, ապա Տիգրան Սարգսյանը նախ այցելեց Գյումրիի Բուլվարային թաղամաս, ծանոթացավ այստեղ ընթացող ճանապարհի շինարարության ընթացքին: Նշենք, որ կառուցվող ճանապարհը նորակառույց Մուշ-2 թաղամասը կկապի քաղաքի կենտրոնի հետ: Ճանապարհի կառուցման համար 500 միլիոն դրամ է հատկացվել պետական բյուջեից:

Այնուհետեւ Մուշ-2 թաղամասում, որտեղ դեռ ընթանում են բնակարանաշինական աշխատանքները, վարչապետը, չնայած տեղացող անձրեւին, ծառ տնկեց, հետո նորակառույց բնակարաններ այցելեց՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները:

«Մեզ համար կարեւոր է, որ բնակիչները հավանեն: Հուսով եմ, որ ձեզ դուր է գալիս, որովհետեւ շինարարները բավականին որակյալ գործ են կատարել, եւ հիմա մնում է, որ բնակիչները ընտրեն, թե ինչ գույն են ուզում, որ ներկենք իրենց բնակարանները, ամեն մեկը իր ճաշակով ընտրություն կկատարի, եւ շինարարները կբավարարեն բոլորի ցանկությունները: Բնակարանները պատրաստ են շահագործման հանձմանը, մնում են տեխնիկական հարցերը», - ասաց վարչապետը:

Վերջին անգամ, երբ Տիգրան Սարգսյանը Գյումրում էր, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն էր ներկայացնում, որտեղ խոսվում էր ճյուղային արդյունաբերության զարգացման մասին:

«Մենք արդեն սկսել ենք ճյուղային արդյունաբերական քաղաքանության ծրագիրը, որը իր մեջ ներառում է 11 ոլորտ: Արդեն առաջին երեք ոլորտների վերաբերյալ ստորագրել ենք համաձայնագրեր մասնավոր հատվածի հետ, ծրագրերը սկսել ենք իրականացնել, եւ ընթացքում են մնացած ոլորտային ծրագրերի մշակումները, եւ մենք այդ բոլորը հանձնելու ենք ձեր դատին», - այդ առնչությամբ ասաց վարչապետը:

please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG