Մատչելիության հղումներ

«Հա՞նք, թե՞ կյանք». Թեղուտի ֆորումը չկայացավ


Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսխորհրդի միջոցով պայմանավորվածություն էր ձեռք բերել, որպեսզի մայիսի 26-ին համալսարանում կազմակերպվեր ուսանողական ֆորում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման դրական ու բացասական կողմերի վերաբերյալ:

Ֆորումը կրելու էր «Հա՞նք, թե՞ կյանք» խորագիրը: Նախատեսվում էր նաեւ այլ բուհերի ուսանողների մասնակցությունը:

Սակայն քննարկումից երկու օր առաջ Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը տեղեկացնում է նախաձեռնության անդամներին, որպեսզի լրատվամիջոցների մուտքը սահմանափակվի:

«Մենք բացատրեցինք, որ նախաձեռնությունը չի կարող խոչընդոտել ԶԼՄ-ների մասնակցությունը, քանի որ միջոցառման մասին հայտարարություն է տարածվել, եւ արդեն երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, համալսարանի ղեկավարությունը մեզ հայտնում է, որ չի կարող տրամադրել խոստացված տարածքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանը:

Պատճառաբանություններից մեկն այն էր, որ խախտվել էր սենյակն օգտագործելու թույլտվություն ստանալու դիմումի ընթացակարգը:

«Բացի այդ մեզ բացատրեցին, որ համալսարանի կանոնադրության համաձայն, արգելվում է քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի քննարկում», - ասաց Լենա Նազարյանը:

Փորձեցիքն կապվել Ամերիկյան համալսարանի պատասխանատուներից որեւէ մեկի հետ, սակայն քանի որ շաբաթ օրը համալսարանում ոչ աշխատանքային է, չհաջողվեց որեւէ մեկնաբանություն ստանալ:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլից էլեկտրոնային ստորագրահավաք էր սկսել՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ հանքի շահագործուման հետեւանքով մինչեւ 1500 հեկտար հող կթունավորվի՝ ներառյալ անտառներ, գետեր եւ հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ:

«Այս պահին ստորագրել է 1900 հոգի՝ մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ֆիլիպիններից, Հարավային Աֆրիկայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Այստեղ խնդիրը ոչ այնքան որոշակի քանակությամբ ստորագրություններ հավաքելն է, այլ մշտապես այս հարցը ուշադրության կենտրոնում պահելը», - ասաց Նազարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG