Մատչելիության հղումներ

Սկանդալ` «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակչից հետո


Շվեդ երգչուհի Լորինը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ
Շվեդ երգչուհի Լորինը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ
Սկանդալները շարունակում են ուղեկցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» մրցույթը: Հինգշաբթի ուշ երեկոյան` երկրորդ կիսաեզրափակչի ավարտին, նման մի սկանդալի կիզակետում հայտնվեց Շվեդիան ներկայացնող Լորինը:

Իրադարձությունները կազմակերպիչների համար ոչ այնքան ցանկալի սցենարով սկսեցին զարգանալ կիսաեզրափակիչ համերգի ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ շվեդ երգչուհուն հարց ուղղեց Reuters գործակալության թղթակիցը:

«Հայտնի է, որ դուք հանդիպել եք ընդդիմության ներկայացուցիչների հետ, ի՞նչ տպավորություն ունեք այդ հանդիպումից: Ընդհանրապես, ինչո՞ւ որոշեցիք կազմակերպել այդ հանդիպումը եւ ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին», - հարցնում էր լրագրողը:

Ասուլիսը հեռարձակվում էր Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ուստի թարգմանիչները Reuters-ի թղթակցի հարցը միանգամայն այլ կերպ ձեւակերպեցին` ներկայացնելով, թե իբր բրիտանուհի լրագրողը Լորինին հարցնում է, թե ինչպես է նա իրեն զգացել բեմում:

Սրան զուգահեռ` տեղի տվեցին մամուլի ասուլիսը վարող ադրբեջանցի կազմակերպիչներից մեկի նյարդերը:

«Ես կուզեի հիշեցնել բոլորին, որ մենք այստեղ հավաքել ենք բարձր տրամադրությամբ` մրցութային տրամադրությամբ, եւ հարկավոր չէ քաղաքականացնել այս ամենը: Բայց, ամեն դեպքում, դուք կարող եք պատասխանել այս հարցին», - դիմելով շվեդ երգչուհուն` «մեծահոգաբար» թույլ տվեց ասուլիսը վարող ադրբեջանցի երիտասարդը:

Շվեդիայի ներկայացուցիչը, ի վերջո, որոշեց սահմանափակվել զուտ դիվանագիտական ձեւակերպումներով` ըստ էության չպատասխանելով հնչեցված հարցին:

«Կարող եմ ասել, որ իմ կյանքը երկու հատվածից է բաղկացած` մի կողմում իմ անձնականն է, մյուսում` աշխատանքը», - նշում էր Լորինը:

Ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպը սոցիալական ցանցերում եւ ադրբեջանական անկախ լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա է դարձել:

«Թուրան» գործակալությունը, մասնավորապես, գրում է. - «Հանրային հեռուստաընկերությունը, փաստորեն, որոշեց կեղծել ասուլիսի մի ամբողջական հատվածը` թերեւս կարծելով, թե անգլախոսները միայն իրենց ընկերությունում են: Հետաքրքիր է` այս անգամ է՞լ է Եվրոպական հեռարձակողների միությունն իր պաշտպանության տակ առնելու Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG