Մատչելիության հղումներ

Փոխոստիկանապետը կողմերին կոչ է անում լինել հանդուրժող


Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հարցին, ասաց, թե ափսոսում է որ ներկա չի եղել Կարապի լճի մոտ տեղի ունեցած այն միջադեպին, որի հետեւանքով ձերբակալվեց ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Ըստ Ռոբերտ Մելքոնյանի` եթե ինքն այնտեղ լիներ գուցե բանը չհասներ ձերբակալություններին:

«Եվ այն դեպքերում, որտեղ ես ներկա եմ եղել, աշխատել եմ չստեղծել այն սրված, լարված իրավիճակը, որը կհանգեցնի նրան, ինչին հանգեցրեց: Կցանկանայի, որ նման իրավիճակներում թե մյուս կողմը, թե ոստիկանները մի քիչ հանդուրժող գտնվեն, չհասցնեն մարդուն պատժելուն», - ասաց Մելքոնյանը:

Տիգրան Առաքելյանին, ինչպես փոխոստիկանապետը ձեւակերպեց, հայրաբար է խորհուրդ տալիս, այսուհետեւ լինել կոռեկտ եւ թույլ չտալ օրինախախտումներ: Առհասարակ ընդդիմադիր դաշտի մասին Ռոբերտ Մելքոնյանի գնահատականը միանշանակ չէ. նա այստեղ տարբեր շերտեր է տեսնում:

«Կան զարգացած, կիրթ, գրագետ քաղաքական գործիչներ, կա միջին խավը, որը հենց միջին մակարդակում էլ մնում է տարբեր իրավիճակներում, եւ կա շատ ակտիվ, ագրեսիվ, այսպես կոչված, ընդդիմադիրների մի խումբ, մենք նման արտահայտություն ունենք` բետեէռ-ներ, եւ երիտասարդ թեւը` հատկապես ՀԱԿ-ի, որը շատ ագրեսիվ է, պատրաստ են ամենածայրահեղ իրավիճակներ ստեղծել: Մեր անցած ճանապարհը ցույց տվեց, որ նման դեպքեր մենք ունեցել ենք, ցավոք սրտի, հենց իրենցից էլ տուժողներ եղել են», - ասաց փոխոստիկանապետը:

Մաշտոցի պուրակի երիտասարդ ակտիվիստներով Ռոբերտ Մելքոնյանը հպարտանում է, ասաց` մեր ապագան են: Պուրակի խնդրի լուծման արդյունքում էլ, ըստ Մելքոնյանի, հաղթեցին բոլոր կողմերը եւ հանդուրժողականությունը: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասով Ռոբերտ Մելքոնյանը վստահեցրեց, որ պատասխանատուները կպատժվեն, բայց պատասխանատու ասելով, փոխոստիականպետը նկատի չունի փուչիկները պատվիրողներին:

«Պատվիրատուները կարող են եւ չիմանալ, թե ինչ գազով են լիցքավորվում: Պատկերացրեք` կոշիկ եք գնում, ու չգիտենք` ինչ սոսնձով է սոսնձված ներբանը: Երկու օր հագնելուց հետո պոկվում է: Դուք մասնագետ չեք, չգիտեք, դուք պատվիրում եք կամ գնում եք: Այստեղ գործատուի կամ տվյալ ձեռներեցի արժանապատվության հարցն է, որն իմանալով, թե ինչ գազ է լիցքավորում, նման պատասխանատվություն է վերցրել իր վրա», - ասաց նա:

Ռոբերտ Մելքոնյանն ասաց` չի ցանկանում խոսել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին, քանի որ, ինչպես մեկնաբանեց, պաշտոնաթող պաշտոնյայի ետեւից չեն խոսում: Իսկ ահա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Մելքոնյանի փոխանցմամբ, պաշտոնավարման հենց առաջին օրը խնդիր է դրել բարձրացնել վստահությունը ոստիկանության նկատմամբ: Որպես այդ ուղղությամբ կատարված քայլ` Մելքոնյանը վկայակոչեց, օրինակ, այն, որ ինքը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում, պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Իր դաժանության մասին տպավորությունը սխալ է, զգացմունքային, շուտ բռնկվող, բայց բարի եւ հանդուրժող մարդ եմ, վստահեցրեց Երեւանի փոխոստիկանապետը: Կյանքի գլխավոր ձեռքբերումը Մելքոնյանը համարում է ընտանիքը` կինը, չորս դուստրերն ու երկու թոռները: Տղա չունենալը պատիժ չի համարում, գոհ է: Աղջիկներից ոչ մեկը հոր մասնագիտությունը չեն ընտրել, ասաց` ոստիկանի աշխատանքը բարդ է, ծանր, իսկ փեսաները, Մելքոնյանի պնդմամբ, հպարտանում են իրենով:

«Թոռնիկները հեռուստացույցով եւ կայքերով տեսնո՞ւմ են Ձեր ագրեսիվ պահվածքը», Երեւանի փոխոստիկանապետին հարցրել էր «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկը:

«Մեկը ընդամենը յոթ ամսական է, մյուսը` երկու տարեկան, բայց որպեսզի հարց տվողը վատ չզգա, ես տեսանյութերը կպահեմ, երբ արդեն հասուն տարիքում կլինեն, անպայման կցուցադրեմ, որպեսզի իրենց պապիկի դեմքը տեսնեն: Բայց ուզում եմ հարց տվողին ասել, որ նման լարված իրավիճակներում նման դեմք ունեն բոլորը, որոնք այդ իրավիճակին մասնակցում են: Բարեհամբյուր [լինելը] դժվար է շատ», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հետ է կապվում մամուլում շրջանառվող իր մականունը` «Բազազ», Մելքոնյանը պատմեց, որ ողջ կյանքում որեւէ մականուն չի ունեցել, իսկ բազազ բառը իր անվան կողքին առաջին անգամ տեսել է մամուլում` 2007 թվականին:

«Ինչ-որ հոդված հրապարակվեց եւ այդտեղ ծանոթացա Մելքոնյան Ռոբերտ` ՊՊԾ գնդի պետ եւ «Բազազ» մականունով: Իհարկե, զարմացա, որովհետեւ բազազ Թիֆլիսի բարբառով նշանակում է վաճառական, առեւտրական, եւ Մելքոնյան Ռոբերտը ընդհանրապես վաճառականության հետ կապ չունի: Երեւի նկատի են ունեցել իմ խստապահանջությունը կամ պահանջկոտությունը, որը ինչ-որ տեղ նմանեցնում են հանրահայտ «Գիքոր» պատմվածքի հերոսին: Ինչեւէ, այդ օրվանից ես դարձա «Բազազ», - ասաց փոխոստիկանապետը:

Մելքոնյանը չի հպարտանում իր մականունով, բայց ասաց` արդեն համակերպվել է: Այսօրվա ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ենթակաների մասին խոսելիս անգամ կատակեց, թե նրանք էլ «բազազիկներ» են:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG