Մատչելիության հղումներ

Մամեդյարով․ Հայաստանը սխալ որոշում է կայացրել


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը The Wall Street Journal ամերիկյան պարբերականում տպագրած իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանը հպարտ է` հյուրընկալելով «Եվրատեսիլ» փառատոնը:

«Եվրատեսիլը» Ադրբեջանում անցկացնելու առիթով գրած հոդվածում Մամեդյարովը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Նշելով, թե Ադրբեջանը հայտնվել է Արեւմուտքի որոշ ոչ կառավարական կազմակերպությունների կրակի տակ՝ մարդու իրավունքների իրավիճակի եւ ժողովրդավարական դանդաղ բարեփոխումների պատճառով, Մամեդյարովը գրել է. - «Որքան էլ տարօրինակ է, քննադատողները անտեսում են արդի ժամանակաշրջանի մարդու իրավունքների ամենամեծ խախտումները՝ ադրբեջանցիների տեղահանումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից, որ կատարվեց Հայաստանի հետ պատերազմի ընթացքում»:

«Իրենց տներից ստիպողաբար տեղահանված մեկ միլիոն մարդիկ, որոնց մասին մոռացել են, ավելի քան 20 տարի համբերությամբ սպասում են իրենց վերադարձին, չիմանալով, թե արդյո՞ք պահպանվել են հայերի տիրապետության տակ գտնվող իրենց տները, գյուղերն ու սրբավայրերը», - գրում է Մամեդյարովը, հավելելով, թե չնայած ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձեւերին, որոնք կոչ են անում առանց նախապայմանների եւ անհապաղ դուրս բերել հայկական զորքերը գրավյալ տարածքներից, Հայաստանը այդ բանաձեւերի մի դյույմն էլ չի կատարել:

«Չնայած հակամարտությունը մնում է չլուծված, ես կարծում եմ «Եվրատեսիլի» երգի փառատոնին չմիանալու Հայաստանի որոշումը սխալ էր: Սա երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե քաղաքական ժեստերի»,- գրել է Ադրբեջանի արտգործնախարարը The Wall Street Journal պարբերականում:

Էլմար Մամեդյարովը պնդում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը առաջընթաց է ապրում, նախագահական ու խորհրդարանական յուրաքանչյուր ընտրություն նախորդից ավելի լավ է անցկացվում, ընդդիմադիր թերթերը կարող են եւ անում են՝ ամեն օր քննադատում են կառավարությանը, հավաքների ազատությունը երաշխավորվում է, ինչպես մյուս երկրներում, այդ թվում Եվրոպական երկրներում, որ դրանք անցկացվեն թույլատրված վայրերում:

Ադրբեջանում ժողովրդավարության եւ բարեփոխումների առաջընթացը ապացուցելու համար Մամեդյարովը օրինակ է բերում բրիտանական Populus ընկերության անցյալ տարվա հարցումների արդյունքները: Նա նշում է, որ ըստ հարցումների՝ ադրբեջանցիների 70 տոկոսը կարծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանում ժողովրդավարության եւ ազատությունների իրավիճակը բարելավվել է, իսկ 80 տոկոսը աջակցություն է հայտնել քաղաքական հիմնական ուղղությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG