Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ի նախօրեին Բաքվում կրկին հավաքներ են ճնշվել


Ադրբեջան - Ոստիկանությունը ցրում է Բաքվի կենտրոնում անցկացվող ցույցը, 21-ը մայիսի, 2012թ.
Ադրբեջան - Ոստիկանությունը ցրում է Բաքվի կենտրոնում անցկացվող ցույցը, 21-ը մայիսի, 2012թ.
Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից մեկ օր առաջ իշխանությունները նորից ճնշել են խաղաղ հավաքները: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները իսկույն արձագանքել են միջադեպերին:

«Գրաքննության ինդեքս» կազմակերպությունը իր հայտարարությունում նշում է. - «Մինչ երգիչները տեսախցիկների առջեւ դիրք են ընդունում` Crystall պալատում «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչի մրցույթին ընդառաջ, Բաքվի կենտրոնում ոստիկանությունը բռնությամբ ճնշում է ընդդիմադիրների ակցիաները»:

Հարյուրից ավելի ցուցարարներ մետրոյի «Իչերի Շեհեր» (թարգմանաբար` «Հին քաղաք») կայարանի մոտ հավաքվելով՝ պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք շարժվել են դեպի քաղաքային իշխանությունների շենքը, բայց րոպեներ անց ոստիկանությունը ցրել է ցույցը` բերման ենթարկելով մոտավորապես 20 մարդու: Տեսագրությունները ցույց են տալիս, որ ցուցարարներին ծեծելով ավտոբուս են մտցում: Նրանց նախ տարել են ոստիկանության մոտակա բաժին, հետո` Բաքվից դուրս գտնվող Գաբուստան բնակավայրը, որտեղ նրանց ազատ են արձակել:

Ակտիվիստ Աբուլֆազ Գուրբանլիի պատմելով` երբ ոստիկանները սկսել են ճնշել, իրենք պահանջել են քաղաքավարի ու հարգալից լինել, բայց այդ պահանջները իրավապահներին ավելի են կատաղեցրել: «Ինձ մի անգամ փողոցում են ծեծել, հետո` ավտոբուսում», - ասել է Գուրբանլին։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ ոստիկանները մայիսի 21-ին երկու խաղաղ հավաք են ճնշել, տասնյակ ցուցարարների ուժով ավտոբուսներ են մտցրել, այդ գործողության ընթացքում շատերին ծեծի են ենթարկել:

Այս միջադեպի մասին Human Rights Watch-ը հաղորդում է, որ ոստիկանները սկսել են ձեռքի ու ոտքի հարվածներով ցրել հավաքվածներին, մոտ մեկ տասնյակ մարդու ավտոբուս են մտցրել, չենթարկվողներին հարվածել են ռետինե մահակներով։ Այդ նույն ժամանակ մի քանի հարյուր ակտիվիստներ հավաքվել էին Շատրվանների հրապարակում, ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է նրանց։

Հարավային Կովկասում Human Rights Watch-ի ուսումնասիրող Գիորգի Գոգիան հայտարարել է, որ եթե իշխանությունները ցանկանում են, որ աշխարհը տեսնի ժամանակակից Ադրբեջան, ապա նրանք պետք է պաշտպանեն ազատ արտահայտվելու իրավունքը, ներառյալ` խաղաղ հավաքներ անցկացնելու թույլտվությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մայիսի 21-ին հայտնեց, որ «Եվատեսիլ» մրցույթին ընդառաջ` «Ադրբեջանի միջազգային գործընկերներ» խումբը ինտերնետային էջ է բացել, ինչպես նաեւ էջեր Facebook-ում եւ Twitter-ում: Ինտերնետային կայքով ու սոցիալական ցանցերով ուշադրության տակ են պահելու Ադրբեջանում ազատ արտահայտվելու իրավիճակը, որտեղ լրագրողները եւ մյուսները ենթարկվում են շանտաժի, ահաբեկումների, բռնությունների ու բանտարկվում են քննադատական հայացքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG