Մատչելիության հղումներ

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի մայիսի 31-ին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդուհանդերձ, չի շտապում ապագա պատգամավորներին հանձնել մանդատները:

Դեռեւս պարզ չէ, թե ովքեր ընդգրկված կլինեն պաշտոնական արդյունքներով ընտրություններում հաղթած ՀՀԿ-ի խմբակցության կազմում: Դա, Հանրապետականի խոսնակ Շարմազանովի խոսքով, պարզ կդառնա կուսակցության` հինգշաբթի օրը կայանալիք գործադիր մարմնի նիստից հետո:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել էր, թե կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված 20 թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են գրել: Այդ դիմումները, սակայն, հասցեատիրոջը` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, չեն հասել:

Հանձնաժողովի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ինքնաբացարկի 6 դիմում են ստացել` 3-ը «Օրինաց երկիր» կուսակցության, 2-ը` ՀԱԿ-ի եւ մեկը` «Ժառանգության» ներկայացուցիչներից: Եվ ոչ մի դիմում ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից:

Հստակ չէ նաեւ, թե այսօր կոալիցիա կազմող ուժերը կկազմե՞ն նոր կոալիցիա, թե՞ ոչ:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտարարում են, թե նոր կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն չկա: Հանրապետականները, մինչդեռ, չեն պարզանում` կոալիցիա կլինի՞, թե՞ ոչ:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները, մինչդեռ, երեքշաբթի օրը հայտարարեցին, որ շարունակելու են կոալիցիոն գործընկերությունը ՀՀԿ-ի հետ:

Այս առնչությամբ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ՀՀԿն «միասնականության կողմնակից է»` կլինի դա հուշագիր, համաձայնագիր, դրանով առաջ կշարժվի բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համախմբվել նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կառավարության կազմավորումը ուշանում է, քանի որ մեծամասնության ստացած ուժը հասարակության վստահությունը չի վայելում:

Բացի այդ, ըստ փորձագետի, նոր կոալիցիան նաեւ դրսի ուժերին պետք է բավարարի. - «Հայաստանի իշխանությունը ձեւավորվում է ոչ այնքան հասարակության կողմից, որքան իշխանությունների ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունեն Հայաստանից դուրս գտնվող ուժերը: Եվ թե ինչու չի ձեւավորվում կառավարությունը, միգուցե այն է, որ կողմերից մեկը դժգոհ է ընտրությունների արդյունքից` Հայաստանից դուրս գտնվող ուժերից մեկը»:

Բադալյանը նկատի ունի Ռուսաստանը: Նրա գնահատմամբ` կոալիցիա ձեւավորելու պարագայում «Բարգավաճ Հայաստան»-ը նաեւ պահանջներ կդնի. - «Եթե կոալիցիա ձեւավորվեր, «Բարգավաճ Հայաստան»-ին չէր բավարարի միայն վարչապետի պաշտոնը: Նրանք կցանկանային ե’ւ Պետեկամուտների կոմիտեն, ե’ւ Ներքին գործերի նախարարությունը… Իսկ առանց դրա մտնել կոալիցիայի մեջ, նշանակում է իր բարձր վարկանիշը իջեցնել ՕԵԿ-ի մակարդակին, իսկ Հանրապետականի մակարդակը բարձրացնել իր մակարդակին»:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` ԲՀԿ-ի իրենց գործընկերներն այնքան միամիտ չեն, որ վարչապետի պաշտոն պահանջեն: Վարչապետը, Շարմազանովի պնդմամբ, Հանրապետական է լինելու:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ, Հանրապետականը կուզի կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ` նախագահական ընտրություններում «հնարավոր այլըտրանքային թեկնածուին չեզոքացնելու համար». - «Որովհետեւ Սերժ Սարգսյանը չի ուզում նախագահական ընտրությունների ժամանակ գոնե տեսականորեն այլընտրանքային այլ մի թեկնածու լինի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG