Մատչելիության հղումներ

Ռուստամյանը հերքում է, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ին համագործակցության առաջարկ է արել


Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում քաղաքական կոնսուլտացիաներ է վարում Դաշնակցության հետ:

Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության ղեկավարը ՀՅԴ-ին համագործակցության առաջարկ չի արել:

Հիշեցնենք, ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանից» բացի բանակցություններ է վարում նաեւ այլ քաղաքական ուժերի հետ:

«Հետընտրական տրամաբանության մեջ ինչ-որ համագործակցությունների ձեւաչափեր, տարբեր տեսակի խնդիրներ քննարկել` ոչ… այդպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել, որովհետեւ մենք մեր տեսակետները հստակ հայտնել ենք: Հենց ընտրություններից հետո մենք ասեցինք, որ կոալիցիա ձեւավորվելու խնդիր չկա, մեր ծրագիրը ամբողջական իշխանափոխության օրակարգի վրա: Այդպիսի հարց մեր հետ չի քննարկվել», - ասաց Ռուստամյանը:

Այս գումարման Ազգային ժողովում Դաշնակցությունը կունենա ընդամենը հինգ պատգամավոր: Նախորդ գումարման ԱԺ-ում կուսակցությունը ուներ 16 պատգամավոր: Բացի այն, որ Դաշնակցությունը այս ընտրություններում կորցրեց 11 տեղ ԱԺ-ում, այն նաեւ կորցրեց մեծամասնական ընտրակարգով հաղթած միակ պատգամավորին` «Ավշար» գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյան: Վերջինս հայտարարել է, որ լինելու է անկախ պատգամավոր եւ հիմնականում համագործակցելու է ՀՀԿ-ի հետ:

«Դա մեր նախաձեռնությունն է, որ Արայիկ Գրիգորյանը կաշկանդված չզգա այն քաղաքականությամբ, որ մենք պատրաստվում ենք Ազգային ժողովում իրականացնել: Մենք շատ լուրջ, ամբողջական եւ լիարժեք ընդդիմության դաշտում գործող ֆրակցիա ենք լինելու, եւ [Գրիգորյանը] կարող էր կաշկանդվել, մեր այդ խիստ, կոշտ կեցվածքները ինչ-որ տեղ չկիսեր կամ խնդիրներ առաջանային», - այդ առնչությամբ ասաց Ռուստամյանը:

Ամենայն հավանականությամբ Դաշնակցությունը փոփոխություններ կմտցնի իր հինգ հոգանոց պատգամավորական խմբի կազմում, մասնավորապես, խորհրդարան անցած հինգ պատգամավորներից մեկը առաջիկա օրերին պետք է ինքնաբացարկ ներկայացնի, որպեսզի խորհրդարան անցնի Դաշնակցության համամասնական ցուցակի յոթերորդ տեղը զբաղեցնող «Գրանդ քենդի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բաբայանը: Համամասնական ցուցակով խորհրդարան են անցել ցուցակի առաջին հինգ տեղերը զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Դաշնակցությունը դեռ քննարկում է, թե նրանցից ով կզիջի իր տեղը «Գրանդ քենդիի» տնօրենին:

«Մենք իսկապես ունենք մեկ բաց, որը պետք է լրացնենք: Մեր տնտեսական բլոկը այս ձեւաչափով թույլ է եւ մյուս ավելի մոտիկ անձը, որ տնտեսական գործունեության մեջ բավարարում է իր իմացություններով, մասնագիտական կարողություններով, դա Արմեն Բաբայանն է: Բնական է, նա ԱԺ մտնելուց հետո պետք է վայր դնի այդ լիազորությունները», - ասաց Ռուստամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ «Գրանդ քենդիի» տնօրենը մեծ գումարներ է ներդրել քարոզարշավի ընթացքում եւ հիմա պետք է փոխհատուցվի մանդատով, Ռուստամյանը արձագանքեց. - «Եթե այդպես մտածենք, ուրիշներն էլ կային, որ մասին խոսում էին, ուրեմն իրենք էլ պետք է փոխհատուցվեին: Դաշնակցությունը նման փոխհատուցման խնդիր չունի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն ջանում կոալիցիա կազմել այլ ուժերի` մասնավորապես, «Բարգավաճ Հայաստանի» հետ, երբ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն է կազմում եւ կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել, Ռուստամյանն ասաց, թե պատճառն այն է, որ Հանրապետականը խորհրդարանական ընտրություններից հետո իր լեգիտիմության հետ կապված բարդույթներ ունի:

«Թերարժեքության կոմպլեքս կա: Այդ իրավիճակը փոխելու, լեգիտիմության աստիճանը բարձրացնելու իմաստով միշտ գնում են այդպիսի քայլերի: Այս իրավիճակը շտկելու հետ կապված են կատարվում այս քայլերը, եւ որպեսզի դա չվերաճի նոր նախընտրական լարվածության արդեն նախագահական ընտրությունների շեմին: Սա կամաց-կամաց կուտակվող բացասական էներգիան, որ հասարակության մեջ այս ֆրուստրացիայից հետո առաջանալու է, կանխելու ձեւերից մեկն է, որ ՀՀԿ-ն փորձում է այս պահին իրականացնել: Այստեղ ամենաշահեկան լուծումը կոալիցիա ձեւավորվելու առումով Հանրապետականի համար է: Բացի դրանից շատ հստակ է, որ այս կառավարությունը ժամանակավոր է, որովհետեւ նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պիտի ձեւավորվի: Սա իսկապես անցումային մի լուծում է, անցումային կառավարության ձեւավորում է, որը պետք է լուծի այս քաղաքական ճգնաժամին մոտեցող վիճակը», - ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ԲՀԿ-ն կմտնի՞ կոալիցա, թե` ոչ, Ռուստամյանն ասաց, թե երկու տարբերակն էլ հավանական է համարում: Նա նաեւ չբացառեց, որ առաջիկայում կարող է ակտիվություն դրսեւորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր թեկնածությունն առաջադրելով առաջիկա նախագահական ընտրություններում:

please wait

No media source currently available

0:00 0:06:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG