Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը «այլեւս նախկինը չէ»


Հովհաննես Սահակյան, արխիվային լուսանկար
Հովհաննես Սահակյան, արխիվային լուսանկար
Չորս տարի առաջ ընդհանուր գաղափարների շուրջ ստեղծված դաշինքն այլեւս իր գործունեությամբ անիմաստ է դարձել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես գնահատեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմից երկու կուսակցությունների դուրս գալը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղխորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը։

«Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀԱԿ-ը պառակտվում է» հարցին Սահակյանը պատասխանեց, որ, ամեն դեպքում, այն այլեւս նախկինը չէ։

«ՀԱԿ-ը իրենով` որպես այդպիսին, երբ որ այդ բոլոր քաղաքական թիմի ներկայացուցիչները այնտեղ են, եւ խոսքը ժողովրդի կողմից ընկալելի է` դա է կարեւորը։ Կարող են լինել երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ քաղաքական գործիչներ, բայց խոսքը` որպես այդպիսին, ժողովրդի կողմից ընկալելի չլինի», - ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը` շարունակելով. - «Եվ եթե այս պարագայում` ՀԱԿ-ի պարագայում, ասենք, նաեւ ընտրական պրոցեսի ժամանակ տեսանք, որ որեւէ առումով ընկալելի չէ, կամ ժողովուրդը անվերապահորեն չի ընդունում ՀԱԿ-ի խոսքը, ապա ՀԱԿ-ը, կարծում եմ, այլեւս որպես այդպիսին` քաղաքական միավոր, չի կարող այդ լայն թափով կամ պատկերացումով իր գործունեությունը շարունակի»։

Սահակյանը կարծում է, որ ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը` «Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունները, տեսնելով, որ Հայ ազգային կոնգրեսը չի կարող իրականություն դարձնել այն գաղափարը, որի շուրջ այն ստեղծվել է` հասնել իշխանափոխության, որոշեցին հեռանալ այդ կառույցից։

«Այն քաղաքական ուժերը, որոնք նաեւ, այսպես ասած, հերթը չհասավ, որ անցնեն խորհրդարան, կամ որոշակի նեղվածություն ունեն, ունեցան կամ բռնեցին այս դիրքորոշումը։ Հենց այստեղ է, որ պետք է լինեին գաղափարական միասնություն, որպեսզի նման խնդիրներ չառաջանան, եւ, ասենք, ժողովրդի լեզվով ասած` ցուցակակռիվ չտային», - նշեց հանրապետական գործիչը` ընդգծելով. - «Սա է, որ բացակայում է, այսինքն` դա ինչ-որ խնդիր լուծելու համար էին համախմբվել, իսկ եթե այդ խնդիրը այլեւս չեզոքացված է, գոյություն չունի, որպեսզի լուծեն, եւ երկրորդ տարբերակը` տեսնում են, որ ի վիճակի չեն լուծելու այդ խնդիրը, ուրեմն, հարցը փակվում է, եւ այստեղ անելիք չունեն այլեւս»։

Անցած ուրբաթ օրը Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» եւ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունները որոշումներ են կայացրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին։ «Հանրապետություն» կուսակցությունը պատճառ է բերել այն, որ ՀԱԿ-ի հետ ունեն սկզբունքային տարաձայնություններ, իսկ Լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հեռանալ ՀԱԿ-ից դաշինքի կողմից Ազգային ժողովի 7 մանդատների ընդունման պատճառով։

ՀՀԿ-ի ներկայացուցչի խոսքերով, Հայ ազգային կոնգրեսը, որն անցած տարիներին խոսում էր իշխանափոխության մասին, հասկացավ, որ այդ նպատակին հասնելն անհնար է` դրա համար հիմքեր չլինելու պատճառով։ Դա, ըստ Հովհաննես Սահակյանի, հասկացել է նաեւ ժամանակին Կոնգրեսին վստահող ժողովուրդը, եւ ՀԱԿ-ի առաջնորդի կողմից իշխանափոխության մասին կրկին հնչող հայտարարությունները Հանրապետականի քաղխորհրդի անդամը համարում է ընտրազանգվածը պահելու փորձ միայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG