Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ ուղղակի կապերի կոչ է անում Վրաստանին


Կամուրջը Վրաստանի եւ Աբխազիայի սահմանով անցնող Ինգուրի գետի վրա
Կամուրջը Վրաստանի եւ Աբխազիայի սահմանով անցնող Ինգուրի գետի վրա
Եվրամիությունը կոչ է անում վրացական իշխանություններին փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, ապահովել դատական համակարգի անկախությունն ու ուղղակի կապեր հաստատել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Այս մասին է նշված Եվրամիության հրապարակած ամենամյա զեկույցում` նվիրված Վրաստանի եւ 27 պետություններ ընդգրկող դաշինքի հարաբերություններին:

Անդրադառնալով Վրաստանից անջատված երկու հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակին` Եվրամիության ներկայացուցիչները պաշտոնական Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել ներկայում առկա կոշտ մոտեցումներից:

«Հարկավոր է ավելի պրագմատիկ ու կառուցողական մոտեցում որդեգրել, ինչը թույլ կտա զարգացնել առեւտուրը եւ ներդրումները` Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ վրացական իշխանություններն այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկել են:

«Ողջունելի է, որ Վրաստանը հնարավորություն է տվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին` օգտվել իր տարածքում մատուցվող բժշկական ծառայություններից», - նկատում են եվրոպացիները:

Վրաստանի հանրապետական կուսակցության ղեկավարներից Լեւան Բերձենիշվիլին, սակայն, համոզված է` ընտրություններից մի քանի ամիս առաջ Սահակաշվիլիի վարչակազմը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ որեւէ զիջման, առավել եւս` երկխոսության, չի գնա:

«Կարծում եմ, որ իշխանությունները կշարունակեն կյանքի կոչել այս կոշտ գիծը: Համոզված եմ, որ Եվրամիության հանձնարարականներից եւ ոչ մեկը մոտ ապագայում չի կատարվի», - հայտարարել է վրաց ընդդիմադիրը։

«Ցավոք սրտի, նախկինում էլ նույն իրավիճակն էր` մեր իշխանությունները խոսում էին հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, բայց իրականում պատրաստվում էին պատերազմի», - ընդգծել է Բերձենիշվիլին` հավելելով. - «Վրաստանի իշխանությունները ընտրություններին զուգընթաց պատրաստ չեն կառուցողական քայլեր իրականացնել: Նրանք առաջիկա ամիսներին եւս շարունակելու են օգտվել ազգայնական հռետորաբանությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG