Մատչելիության հղումներ

Փորձագետները հավանական չեն համարում ռազմական գործողությունների վերսկսումը


Հայաստանյան փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինի վերընտրվելը կարող է հանգեցնել ԼՂ հարցում Մոսկվայի նոր նախաձեռնությունների:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց, մասնավորապես, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը. - «Պուտինի կողմից կարող են ավելի կոշտ, նույնիսկ պարտադրանքի հասնող փորձեր արվեն` խնդիրը կարգավորել ռուսական շահերի համատեքստում, որը թույլ կտա Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում տրանսֆորմացնել եւ ուժեղացնել: Սակայն, ես կարծում եմ, որ դա նաեւ կարող է կոշտ հակադրության արժանանալ Արեւմուտքի կողմից, որովհետեւ Արեւմուտքը դա պարզապես թույլ չի տա»:

Ըստ Մեհրաբյանի, եթե առաջիկայում ղարաբաղյան խնդրի ուղղությամբ Մոսկվան, ինչպես Մեդվեդեւի ժամանակ էր, վերստին հանդես գա ինչ-որ մի նախաձեռնությամբ, կրկին Կրեմլի գլխավոր նպատակն է լինելու` ուժեղացնել իր ազդեցությունը Ադրբեջանում. - «Ադրբեջանը մնում է Հարավային Կովկասի առանցքային դերակատարը, ընդ որում` թե' աշխարհաքաղաքական առումով, թե' տնտեսական առումով, ֆինանսական առումով, նաեւ ուժային առումով: Եվ այն, որ Ադրբեջանը, ի տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի, այնուամենայնիվ ինքնուրույն խաղացող է` համեմատաբար: Եվ այդտեղ է գտնվում Հարավային Կովկասի նկատմամբ ազդեցության բանալին: Եվ դա Մոսկվայում շատ լավ հասկանում են»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով, Երեւանում ընդունված է ասել, որ ի տարբերություն, օրինակ, Մեդվեդեւի, ով իր նախագահության տարիներին փորձ արեց հասնել ղարաբաղյան status quo-ի փոփոխությանը, Պուտինը ավելի հակված է այդ status quo-ի պահպանմանը, սակայն Մանվել Սարգսյանը ընդգծում է` կարող է փոխվել ոչ թե Պուտնի դիրքորշումը, այլ փոխվում է ժամանակը, ինչն էլ իր հերիթն կարող է հարկադրել Ռուսաստանին հանդես գալ նոր մոտեցմամբ:

«Կոնկրետ Պուտինից ուրիշ քաղաքականություն սպասել չի կարելի, որովհետեւ այն ժամանակ էլ, երբ ինքը վարչապետ էր, ինքն էր թելադրում: Խնդիրն այն է, թե նոր ժամանակաշրջանը կարո՞ղ է թելադրել իրեն ուրիշ քայլեր: Սա քննարկելու խնդիր է, որովհետեւ ժամանակը պիտի ցույց տա: Իհարկե, Ռուսաստանում էլ ստեղծվել է ինչ-որ դեմոկրատական շարժում, որը, բնական է, փոխում է մթնոլորտը այդ երկրում, չի կարող ազդեցություն չթողնել այդ երկրի քաղաքականության վրա, կոնկրետ` արտաքին քաղաքականության վրա: Միջազգային իրավիճակից է կախված, եւ Ռուսաստանը ինքն էլ, կարծես, տեղից շարժվել է: Դրանից էլ կախված կլինի` կլինե՞ն փոփոխությունները, թե՞ ոչ»:

Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունոսովի կարծիքով, սակայն, Պուտինի գալը նշանակում է վերադարձ ռուսական հին քաղաքականությանը` վերադարձ status quo-ին: Բացի այդ, կարող են իրենց նշանակությունը ունենալ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հարաբերությունները, որոնք, ըստ Յունոսովի, վատն են. - «Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա, ինչպեսեւ առաջին նախագահության տարիներին, առանձնապես ցանկություն չունի նախաձեռնություններով հանդես գալ ղարաբաղյան խնդրի ուղղությամբ: Իսկ եթե սրան հավելենք նաեւ այն, որ Իլհամ Ալիեւի ու Պուտինի միջեւ ամենաջերմ հարաբերությունները չեն, ապա պարզ է դառնում, որ ղարաբաղյան հարցում ռուսական նոր նախաձեռնություններ մենք, թերեւս, չսպասենք: Պուտինը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, քանի որ հարցի չկարգավորված լինելը կախվածության մեջ է պահում Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայից: Ղարաբաղյան հակամարտությունը ճնշման լավ միջոց է»:

Ի դեպ, բոլոր երեք փորձագետներն էլ քիչ հավանական են համարում, որ առաջիկայում ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը:

Եթե փորձենք այս առումով ընդհանրացնել փորձագետների ասածը, ապա այն հետեւյալն է. չնայած շարունակվող ռազմականացմանը` հատկապես Ադրբեջանի կողմից, գերտերությունները չեն կարող թույլ տալ, որ իրենց շահերի համար կարեւոր տարածաշրջանում Ադրբեջանը կամ Հայաստանը միայնակ` առանց հաշվի առնելու գերտերությունների շահերը, կարողանան իրավիճակ փոխել, այն էլ` ռազմական ճանապարհով:

«Որովհետեւ դա միակ հարցն է, որտեղ կա հարյուր տոկոսանոց կոնսենսուս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որ անընդունելի է ռազմական սցենարը», - փաստարկեց Ռուբեն Մեհրաբյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG