Մատչելիության հղումներ

Փուչիկների պայթյունի գործով ձերբակալված չկա


Հանրապետության հրապարակը փուչիկների պայթյունից վայրկյան անց, 4-ը մայիսի, 2012
Հանրապետության հրապարակը փուչիկների պայթյունից վայրկյան անց, 4-ը մայիսի, 2012
Տասնմեկ օր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով դեռեւս որեւէ մեկը չի ձերբակալվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ բռնկվեցին գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկները, որի արդյունքում տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցեց դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրման կամ առաքման հատկանիշներով, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում, թե կան արդյո՞ք կասկածյալներ կամ արդյո՞ք որեւէ մեկի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: Ոստիկանությունը միայն ասում է, որ նշանակվել է 170 փորձաքննություն ու հարցաքննվել է 197 մարդ: Մի քանի օր առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, թե փուչիկներ տեղափոխող եւ պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` այդ տեղեկությունը դեռեւս չի հրապարակվում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակից Սերգեյ Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առայժմ պարզ չի, թե կոնկրետ որ գազով են լիցքավորվել փուչիկները: Սակայն ակնհայտ է, որ դրանք հելիում գազով չեն լիցքավորվել, քանի որ այն իներտ գազ է եւ դյուրավառ չէ:

Կարինե Բաբաջանյանը, ով փուչիկներ վաճառող երեւանյան խանութներից մեկի տնօրենն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հելիումով փուչիկները լիցքավորելը 700 դրամ արժե: Նրա խոսքով` հրավտանգ գազերով լիզքավորելը 2-3 անգամ էժան է, սակայն նույնիսկ զգուշացման դեպքում շատերը գերադասում են էժան տարբերակը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցությունը գումար չի խնայել, իրենք չեն իմացել, որ դրանք կարող են լինել անորակ ու վտանգավոր փուչիկներ:

«Հիմա ենք խոսում շատ հեշտ, տարբեր գազերի անուններ են ասում, բայց հավատացեք, մինչ այդ օրը նմանատիպ ապրանք գոյություն ուներ շուկայում, եւ ոչ ոք չգիտեր, թե դրա մեջ ի՞նչ է լցված, ո՞նց են լցնում, ո՞վ է լցնում: Այսինքն հիմա երբ հետադարձ հայացք ենք գցում, կարող ենք դրա մասին խոսել, բայց երբ պատվիրվել է, ես հավատացած եմ, որ ոչ մի գումարի խնայողության խնդիր լինել չէր կարող: Եթե դուք տեսնում եք այդ ամբողջ համերգը, իր ծավալը, մեծությունը, թե այնտեղ ինչ միջոցառում էր կազմակերպվել, խնայել փուչիկների վրա, դա ուղղակի բամբասանք է», - ասաց Ավագյանը:

Այրվածքներ ստացած երիտասարդների մեծ մասը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Ավագյանը վստահեցնում է, որ կուսակցությունն ու Հայաստանի նախագահը ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդները բուժվեն: Կուսակցությունը նաեւ կֆինանսավորի պլաստիկ վիրահատությունները:

Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնի հսկողության ներքո արդեն մնացել է 30 հիվանդ: Այրվածքային բաժանմունքի վարիչ Հրայր Հակոբյանն երկու հիվանդի վիճակն է համարում միջին ծանրության: Նրանք դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 28-ի վիճակը բավարար է: Բժիշկն ասում է, որ իրենց հիվանդների 5 տոկոսը հավանաբար կենթարկվի վիրահատության` այրված մաշկի արտաքին շերտը կփոխարինվի մեկ այլ շերտով:

«Հիվանդների 90-95 տոկոսի հետ հետվիրահատական խնդիրներ չենք ունենալու», - հավաստիացնում է բժիշկը:

Մայիսի 4-ից հոսպիտալացված 154 քաղաքացիների 98-ը հիվանդանոցներից դուրս են գրվել: Այս պահի դրությամբ հիվանդանոցներում պայթյունից տուժած 56 քաղաքացի է մնացել:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG