Մատչելիության հղումներ

Կորեացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ


Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել հուշակոթողին, լռությամբ հարգել ցեղասպանության մեկեւկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, ցուցանմուշներին։

Հոն Ջաե Հյոն «Պատվո հյուրերի» հուշամատյանում գրառել է. - «Ծանր զգացողություն ունեցա` տեսնելով եւ լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հուսով եմ, որ նման ողբերգություններ երբեւէ չեն կրկնվի»։

Պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. - «Կորեայում Հայոց ցեղասպանության մասին քչերը գիտեն։ Ներկայում տարվում են աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդարանի պատգամավոր Նահ Յոուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացված է Հայոց ցեղասպանությունը»։

Նահ Յոուն Մին նշել է, որ գիրքը գրելու պատճառը եղել է այն մտահոգությունը, թե ինչպես է նման ողբերգություն պատահել 20-րդ դարի առաջին կեսին։ «Հրեաների հոլոքոսթը ճանաչվել է, կարծում եմ` ժամանակին ողջ մարդկության կողմից կճանաչվի նաեւ Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Facebook-ում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանության օրն է», - ասել է նա։

Նահ Յոուն Մին նույնպես գրառում է կատարել Պատվո հյուրերի հուշամատյանում. - «Ցանկանում եմ, որ երբեք չմարող կրակի նման համայն հայությունը միասին ապրի։ Նման ողբերգությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ոճրագործության կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG