Մատչելիության հղումներ

Գյումրիում ՀԱԿ կառույցի ղեկավարը հեռանում է Կոնգրեսից


Հայ ազգային կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը։

Գյումրիում հրավիրած ասուլիսում իր որոշումը Աշոտ Զաքարյանը պատճառաբանեց Հայ ազգային կոնգրեսի վարած ներքին քաղաքականության հետ անհամաձայնությամբ, որը, ըստ նրա, «կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշը»։ Զաքարյանը նշեց, որ իր համար ամենակարեւոր խնդիրը իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու՝ ՀԱԿ-ի փորձերն էին։

Աշոտ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Անցած շաբաթ այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին եւ ակնարկեց, որ կարող է դուրս գալ ՀԱԿ-ի կազմից։ Զաքարյանը, սակայն, այսօր հայտարարեց, որ իր որոշումը «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հետ համաձայնեցված չէ եւ պայմանավորված չէ Արամ Սարգսյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմամբ։

Հիշեցնենք՝ մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը։ Կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել։


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG