Մատչելիության հղումներ

Ծառուկյանն ասաց` տեղյակ չէ, որ ընտրակաշառք բաժանելու համար ԲՀԿ-ականների դեմ գործ է հարուցվել


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ժամանել էր քաղաքական ուժերի` Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության եւ ԲՀԿ-ի կողմից ստեղծված միասնական շտաբ:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, օգտվելով առիթից, փոխանցեց Ծառուկյանին, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու համար: Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այդ տեղեկությունները, Ծառուկյանը պատասխանեց. - «Ես ոչնչից տեղյակ չեմ, ես եկել եմ ծանոթանալու, աղջիկ ջան, դուք բարի եղեք, լրիվ տեղյակ եղեք»: Դիտարկմանը, թե այդ մասին տեղեկություն է տարածել գլխավոր դատախազությունը, Ծառուկյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ, դուք դատախազությունից հարցրեք, ես նման բանից տեղյակ չեմ, եկել ենք տեսնենք` ինչ է կատարվում»:

Իսկ հարցին, թե ի՞նչ կասի Զոլաքար համայնքում ԲՀԿ անդամներին ծեծի ենթարկելու մասին, Ծառուկյանը պատասխանեց. - «Ես ասել եմ, ով ծեծի է ենթարկել, ով իմ թիմակիցներին նեղացրել է, պետք է օրենքի եւ անձամբ իմ առաջ պատասխան տա»:

Նշենք, որ միասնական շտաբի նիստը արդեն ավարտվել է: Նիստի ավարտին Ծառուկյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վաղաժամ համարեցին վերջնական գնահատական տալ ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Սակայն Ռուստամյանը մտահոգիչ համարեց ընտրությունների մինչ այս պահը մասնակցած մարդկանց մեծ թիվը:

Ավելի ուշ միջկուսակցական միասնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որում «խորը մտահոգություն» է հայտնում «շարունակվող զանգվածային ընտրախախտումների եւ բացահայտ ընտրակեղծիքների կապակցությամբ»: Շտաբը այնուհետեւ թվարկել է իրենց արձանագրած ընտրախախտումները` եզրակացնելով. - «Այն, ինչ ներկայացվում է բազմաթիվ օրինախախտումների մի չնչին մասն է, որը բնութագրում է ընտրական գործընթացի ընդհանուր պատկերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG