Մատչելիության հղումներ

Գազով լեցուն փուչիկների բռնկումից տուժած 25 մարդ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում


Հրապարակի միջադեպի հետեւանքով տուժածներից 25-ի վիճակը ծանր է
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Այդ փուչիկներից իրեն էլ էին տվել, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո օդ բաց թողնեին։

«Չգիտեմ ինչից բռնկվեց կրակը։ Ես ուղղակի տեսա, որ կրակը գալիս է», - Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում «Ազատություն» ռադիոկայանին պատմեց 20-ամյա Ռուզաննան։

Երեւանի Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհին բազմաթիվ այրվածքներ է ստացել։ Առավել շատ ձեռքերն են վնասվել, քանի որ երիտասարդ աղջիկը փորձել է կրակից դեմքը պաշտպանել։ Դեմքին նույնպես այրվածքներ ուներ, մազերը մասամբ այրվել էին։ Ամբողջությամբ վիրակապված էին ձեռքերն ու արմունկները։

«Համերգ էր։ Արման Հովհաննիսյանն էր երգում։ Մեզ առաջ բերեցին․ այդտեղ նեղ միջանցք կար։ Այդտեղ կանգնեցրեցին մեզ այդ կազմակերպիչները։ Հետո, պատահական դիմացից կրակ տեսա ու մի վայրկյանում այդ կրակը եկավ մեր վրա», - պատմում է Ռուզաննան։ - «Զգացի, որ ես արդեն լրիվ կրակի մեջ եմ, շրջապատիս մարդիկ կրակի մեջ են։ Հագիս մի հատ երկարաթեւ վերնազգեստ կար։ Հանեցին ինչ-որ մարդիկ, խփեցին մազերիս․․․ այրվում էին մազերս․․․ Այդտեղ էր, որ հասկացա ինչ է կատարվում։ Սկսեցի քույրիկիս փնտրել։ Ես դեռ ոչ մի ցավ, ոչ մի բան չէի զգում»։

Մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկվեցին գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկներ։ Բռնկումը շատ կարճ տեւեց․ մի քանի վայրկյան։ Կրակի ամպը պատեց փուչիկները բռնած երիտասարդների խմբին։ Պայթյուն-բռնկման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ, այրվածքներ եւ այլ վնասվածքներ ստացան, 154 մարդ տեղափոխվեց հիվանդանոցներ։ Շաբաթ օրը շուրջ 8 տասնյակ մարդ դեռեւս գտնվում էր Երեւանի տարբեր հիվանդանոցներում, նրանցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:

Այրվածքաբանության կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկներն ավելի սթրեսային վիճակում էին, քան տղաները, որոնցից շատերը, թեեւ լուրջ այրվածքներ ունեին, մեզ հետ զրույցում փորձում էին կատակել։

Հայաստան -- Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ փուչիկներով քայլում են դեպի հանրահավաքի վայրը, Երեւան, 4-ը մայիսի, 2012թ․
Հայաստան -- Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ փուչիկներով քայլում են դեպի հանրահավաքի վայրը, Երեւան, 4-ը մայիսի, 2012թ․
«Ինձ կանչելուց Արմանը ասաց՝ ես քեզ վաղը տանելու եմ չարչարեմ։ Բանից պարզվեց՝ ճիշտ էլ ասում էր, էլի», - պատմում է 21-ամյա Արսենը, ով այրվածքներ է ստացել դեմքի, վզի, ծոծրակի շրջանում։ Ագրարային համալսարանի 4-րդ կուրսի ուսանողը միայն հիշում է, որ բաց է թողել փուչիկները, ընկել է, հետո՝ հայտնվել է հիվանդանոցում։ - «Գոռոց եմ լսել։ Դիմացից տեսա, որ փուչիկները կորան, կրակ եկավ: Մաքսիմում 2 վայրկյան տեւեց, չհասկացա», - պատմում է նա։

Արսենը հիշում է, որ իրենք այդ ժամանակ թելեր էին կտրտում, կապում էին իրար` փորձելով երկարացնել փուչիկները իրար կապող թելերը։ «Կարող է՝ ինչ-որ մեկը, առանց մտածելու, վառիչով է ուզեցել թելը կտրի, դրանից է սկսվել։ Բայց թե՝ չեմ կարող ասել», - հավելում է նա։

Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կենտրոնում 25 տուժած կա, որից 9-ը՝ վերակենդանացման բաժանմունքում են։ Մեր հարցին, թե արդյոք այրվածքներից հետո հետքեր չեն մնա, Դավիդյանը պատասխանեց, որ դեռեւս վաղ է ասել։ Նրա խոսքով, կան մարդիկ, ովքեր կարող են պլաստիկ վիրահատության կարիք ունենալ։

Կենտրոնի բժիշկ, այրվածքաբան Կարինե Բաբայանը փոխանցեց, որ երեկ վիրահատել են 2 երիտասարդի։

«Որպեսզի վերջույթի իշեմիզացիա չգնա՝ անոթների մահացություն չլինի, վերջույթը չկորցնենք, երկու հոգի վիրահատվել են, մեկ աղջիկ, մեկ տղա։ Բնականաբար՝ ծանր վիճակում են», - մանրամասնեց Կարինե Բաբայանը։

Հավելենք, որ այսօր Այրվածքաբանության կենտրոն այցելեց Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա միջադեպից տուժած մի քանի երիտասարդների հետ այցելել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի եւ մոմ վառել տուժածների համար։

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG