Մատչելիության հղումներ

Եվրոպացի պաշտոնյաները սպառնում են բոյկոտել ֆուտբոլի առաջնությունը


Արեւմտյան երկրները պահանջում են ազատ արձակել 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին։

Արեւմտյան Եվրոպան դրսեւորում է իր դժգոհությունը Ուկրաինայի նախկին վարչապետի բանտարկության հարցում եւ պաշտոնական Կիեւից պահանջում է անհապաղ ազատ արձակել Յուլիա Տիմոշենկոյին։

Եվրահանձնաժողովի եւ եվրոպական առանձին պետությունների ղեկավարները, ինչպես նաեւ եվրոպական երկրների ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, թե բոյկոտելու են Ուկրաինայում հաջորդ ամիս մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։

Այն համատեղ անցկացնում են Լեհաստանն ու Ուկրաինան։ Բացի այդ, վերը նշված պաշտոնյաները ճնշում են գործադրում նաեւ Լեհաստանի ղեկավարների վրա, քանի որ Վարշավան էր առաջնությունն այդ երկու երկրներում անցկացնելու գաղափարի թիվ մեկ ջատագովն ու մարզական միջոցառման կազմակերպման հարցում Ուկրաինայի կարողությունները ՈԻԵՖԱ-ում գովաբանողը։

Եվրոպացի պաշտոնյաներն ասել են, թե բոյկոտելու են ոչ թե ամբողջ առաջնությունն, այլ դրա շրջանակներում Ուկրաինայում անցկացվելիք հանդիպումները։

Բոյկոտելու մտադրության մասին են հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնը, Եվրամիության արդարադատության հանձնակատար Վիվիան Ռեդինգը, Ավստրիայի, Հոլանդիայի, Բելգիայի արտաքին գործերի նախարարները, ֆուտբոլային գերտերություն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ուրիշներ։

Այս առումով մեկնաբանները նշում են, որ տափողակով հոկեյի միջազգային ֆեդերացիան վճռել է չվերանայել 2014 թվականի աշխարհի առաջնությունը Բելառուսում անցկացնելու ծրագիրը, թեպետ այդ երկիրն է'լ ավելի հաճախ է քննադատվում դեմոկրատիան ոտնահարելու համար։

Ալեքսանդր Լուկաշենկայի վարչակարգի առաջատար քննադատների շարքում հենց Լեհաստանն է, եւ հիմա իրավապաշտպան կառույցներն ասում են, թե ուկրաինացիներին պաշտպանող Վարշավան կրկնակի չափանիշներ է կիրառում։

Մինչդեռ, լեհերն ասում են, թե իրենք էլ են Կիեւին հորդորում ազատ արձակել Տիմոշենկոյին, բայց եւ համոզված են, որ բոյկոտի արդյունքում Ուկրաինան կարող է հուսահատությունից դրդված շրջվել դեպի Ռուսաստանը։

Տիմոշենկոյի խնդրի մասին է խոսել նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով հաջորդ երկուշաբթի կստանձնի նախագահի պաշտոնը։

Նա ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է լավագույն մակարդակով բուժօգնություն տրամադրել Տիմոշենկոյին։

Անդրադառնալով ֆուտբոլի առաջնությանը` Պուտինն ասել է, թե բոյկոտի գաղափարն ինքնին շատ վնասակար է եւ չի կարելի քաղաքականացնել մարզական միջոցառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG