Մատչելիության հղումներ

Թիվ 7 ԸԸՀ-ն պետք է կրկին քննարկի Փաշինյանի բողոքը


Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 2-ի որոշման, պարտավոր է մեկօրյա ժամկետում կրկին քննարկել պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը-բողոքը, որով նա խնդրել էր ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում գրանցված Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը վկայակոչեց այն ձեւակերպումները, ըստ որոնց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը խախտել է դիմում-բողոքի քննարկման ընթացակարգը: ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքի մեջ նշված փաստական հանգամանքները քննարկման առարկա չդարձրեց:

Նիկոլ Փաշինյանը դիմում-բողոքի մեջ նշել էր, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավի ընթացքում խախտել է Ընտրական օրենսգրքի դրույթները. ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում, Երեւանի թիվ 190 դպրոցում նախընտրական հանդիպման ժամանակ բաժանել է դրամ եւ խոստացել է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում կազմակերպել վերջին զանգի անվճար արարողություն:

Ընտրատարածքային հանձնաժողովն անցյալ շաբաթ հրաժարվել է գործին կցել եւ փորձաքննության ներկայացնել Ալեքսանյանի կատարած ընտրախախտումը հիմնավորող ձայնագրությունը, ինչպես նաեւ ստուգել այլ ապացույցներ: Հանձնաժողովը Փաշինյանի դիմումը մերժելու որոշումը կայացրել էր ոչ հրապարակային քվեարկությամբ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG