Մատչելիության հղումներ

«ԶԼՄ-ների մեծ մասը ուղղորդվում են մեկ կենտրոնից»


ՀՅԴ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, այսօր հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը ուղղորդվում են Հանրապետության նախագահի նստավայրից:

«Անկեղծ ցավ եմ զգում, որ այսօր մեր լրատվամիջոցների բացարձակ մեծ մասը ուղղորդվում են մեկ կենտրոնից, ուղղորդվում են հստակ ուղղվածությամբ, եւ սա հետագա տարիներին բացասաբար է անդրադառնալու ազատ մամուլի, ազատ լրատվամիջոցների վրա», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Վարդանյանը:

«Ազատ լրատվամիջոցները մեր երկրի համար պակաս կարեւոր չեն, քան պետական ինստիտուտները»,- շարունակեց նա, եւ ճշգրտող հարցին, թե որ կենտրոնից է ուղղորդվում լրատվամիջոցների բացարձակ մեծ մասը, արձագանքեց. - «Ուղղորդվում են նախագահական նստավայրի կողմից, այնտեղ այս ոլորտով զբաղվողների թիմի կողմից»:

Վարդանյանի խոսքով` ընտրություններին ընդառաջ Հայաստանում իրականացվում են ուղղորդված սոցհարցումներ, որոնք փորձում են հոգեբանական որոշակի ֆոն ստեղծել, սակայն որոնք «որեւէ բան իրականության մեջ չեն կարողանալու փոխել». - «Մարդկանց մի խումբ կա, մարդկանց մի շերտ կա, որը ուղղակի ունի այսօր հնարավորություններ եւ հաճույք է ստանում այս կարգի բաներ անելուց: Իրենք իրականում մեծ հաշվով այս երկրի հոգսերով չեն ապրում, այս երկրի ապագայով չեն ապրում: Իրենք ուրիշ խնդիր են լուծում: Մեղքը իրենց վիզը»:

Հարցին, թե իսկ սոցհարցումները որ կենտրոններից են ուղղորդվում, Դաշնակցության նախընտրական քարոզարշավի համակարգողն արձագանքեց. - «Նայեք ովքեր են այդ սոցհարցումների պատվիրատուները, նայեք ովքեր են այդ պատվիրատուների սեփականատերերը, եւ իբրեւ լրագրող, ես կարծում եմ, դուք կհանգեք միանշանակ եզրակացության»:

Աղվան Վարդանյանը նաեւ հայտարարեց, թե Դաշնակցությունը որոշում է կայացրել Երեւանի թիվ 4 ընտրատարածքում սատարել անկուսակցական, «168 ժամ» պարբերականի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին:

Սեյրանյանից բացի, հիշեցնենք, նշված ընտրատարածքում առաջադրվել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգության» ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ Հանրապետականից` «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանը, անկուսակցական Ալեքսան Մինասյանը:

Բացառելով, որ ՀՅԴ-ն կարող էր սատարել Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակին)` Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ Արամ Մանուկյանը եւ Զարուհի Փոստանջյանը ընդգրկված են ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ցուցակների համապատասխանաբար 4-րդ եւ 3-րդ հորիզոնականները եւ հաջողություն մաղթեց նրանց:

«[Իսկ] Սաթենիկ Սեյրանյանը անկուսակցական թեկնածու է, ինքն է առաջադրվել, անկախ մարդ է: Ես կարծում եմ, իր նման պրոֆեսիոնալ լրագրողի ներկայությունը Ազգային ժողովում միայն դրական կարող է լինել», - փաստարկեց Աղվան Վարդանյանը:



ՀՅԴ-ի առաջարկած մոտեցումների հետ «ոչ մի քաղաքական ուժ չի կարող մրցակցել»

Դաշնակցության մեկ այլ ղեկավար անդամ` Արծվիկ Մինասյանը, այսօր Վանաձորում ընտրողներին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը:

Մինասյանը հայտարարեց, որ ընտրվելիք Ազգային ժողովում մեծամասնության կազմելու դեպքում արդեն 2013 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը երկրում կկազմի 63 հազար դրամ:

«Մենք առաջարկում են միջին կենսաթոշակ` 63 հազար դրամ, այսօր այն 31 հազար դրամի կարգի է: Մենք առաջարկում ենք առողջապահական ծախսումների ավելացում յուրաքանչյուր քաղաքացու` միջինում 150 հազար դրամ տարեկան ծախս», - նշեց պատգամավորը:

Իր խոսքում նա անդրադարձավ բանակի խնդիրներին. - «Հայ զինվորը, հայ պատանին եւ հայ ծնողը պետք է վստահ լինեն, որ իրենց զավակը գնաց բանակ, վերադառնալու է առողջ, պինդ տղամարդ եւ իր ապագան կապելու է մեր երկրի հետ»:

Պնդելով, թե իրենց առաջարկած մոտեցումների հետ ոչ մի քաղաքական ուժ չի կարող մրցակցել` Մինասյանը խորհուրդ տվեց հավաքվածներին իրենց ձայնը տալ Դաշնակցությանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG